News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցելը Հայաստանի կողմից ճիշտ որոշում է եղել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Կանադայի Միջազգային զարգացման և ֆրանկոֆոնիայի նախարար Քրիստիան Պարադին, որն այսօր` հոկտեմբերի 10–ին, Երեւան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

Քրիստիան Պարադիի խոսքով` կազմակերպությանն անդամակցումը Հայաստանին թույլ կտա մասնակցել ֆրանկոֆոն երկրների ոչ միայն մշակութային, այլեւ տնտեսական ծրագրերին, ինչպես նաեւ կմեծացնի օտարերկրյա կապիտալ ներգրավելու հնարավորությունները։

Ըստ կանադացի նախարարի` Հայաստանը ֆրանկոֆոն երկրների հետ առեւտրատնտեսային հարաբերությունները խորացնելու լավ հեռանկարներ ունի։

«Ես շատ հայ ընկերներ ունեմ Կանադայում, որոնք լավ բիզնեսմեններ են։ Կարծում եմ` Հայաստանը լուրջ պոտենցիալ ունի։ Շատ եմ կարեւորում Կանադայի եւ Հայաստանի միջեւ առեւտրային եւ մշակութային հարաբերությունների խորացումը»,– ասաց Քրիստիան Պարադին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ից 11-ը Երեւանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան կժամանի Ֆրանկոֆոնիայի անդամ եւ դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետությունների 500 ներկայացուցիչ, որոնց մի մասը ներկայացված կլինեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Նախարարական հանդիպման շրջանակներում կազմակերպված է նաեւ հարուստ մշակութային ծրագիր: Որպես միջոցառումների գլխավոր մշակութային ձեռնարկ` հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը: Հայաստան են ժամանելու Ֆրանսիայից եւ Հայիթիից երաժշտական խմբեր, որոնց կատարումները նախատեսվում են Երեւանում եւ Գյումրիում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամաերգային համալիրում, որտեղ կայանալու է նախարարական համաժողովը, նախատեսվում է Հայաստանի զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները, մշակույթը ներկայացնող տաղավարների եւ հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսների կազմակերպում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ