News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մշակութային գործիչները Երեւանի տոնի կապակցությամբ քաղաքապետարանի կողմից բնակարաններ են նվեր ստացել Երևանի Աջափնյակ թաղամասի այն նորակառույցներում, որտեղ նախատեսվում է բնակարաններ հատկացնել Երեւանի 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին։ NEWS.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հաստատեց այս տեղեկությունը` նշելով, սակայն, որ սխալ է կարծիքը, թե վթարային շենքերի բնակիչներին հասանելիք բնակարաններն են տրվել արվեստագետներին։

«2014 հունվարի 1-ի դրությամբ նոր բնակարաններով ապահովել անհրաժեշտ էր վթարային շենքերում ապրող 650 ընտանիքի, որոնցից 200-ն արդեն բնակարան ստացել են, և 450-ը մինչև տարեվերջ ևս կստանան։ Ինձ համար առնվազն տարակուսելի է մարդկանց մտածելակերպը: Մենք բոլոր այդ ընտանիքներին ապահովում ենք բնակարաններով, հիմա խնդիրը ո՞րն ա, չի կարելի անձերով պայմանավորել այս կամ այն կատարված լավ  գործը, կարևորը ուշադրությունն է ոլորտի հանդեպ»,– ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու հոկտեմբերի 8–ի որոշմամբ դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին նվիրաբերվել է ավելի քան 90 քմ մակերեսով  բնակարաններ։

Մինչ այդ վթարային շենքերի բնակիչները շարունակում են սպասել իրենց հերթին` կամ վտանգելով իրենց ընտանիքների կյանքը, կամ տարիներ շարունակ բնակարան վարձակալելով։ Արցախի փողոցում գտնվող 4–րդ կարգի վթարային շենքի բնակիչների մի մասն արդեն երկու տարի է` ապրում է հանրակացարանի մարզադահլիճում։ 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ