News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կանադայի Քվեբեկ նահանգի Ազգային ժողովի նախագահ Ժակ Շանյոնը դժվարանում է ասել, թե երբ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը:

«Մենք տարիներ առաջ ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի մասով այս պահին ոչինչ ասել չեմ կարող»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ժակ Շանյոնը, որն առաջին անգամ ժամանել է Երեւան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովին։

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնահարցին եւ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, Քվեբեկի խորհրդարանի խոսնակի խոսքով՝ ինքն այդ մասին կարող է կարծիք հայտնել, միայն երբ Հայաստանում ծանոթանա խնդրին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ից 11-ը Երեւանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան կժամանի Ֆրանկոֆոնիայի անդամ եւ դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետությունների 500 ներկայացուցիչ, որոնց մի մասը ներկայացված կլինեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Նախարարական հանդիպման շրջանակներում կազմակերպված է նաեւ հարուստ մշակութային ծրագիր: Որպես միջոցառումների գլխավոր մշակութային ձեռնարկ` հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը: Հայաստան են ժամանելու Ֆրանսիայից եւ Հայիթիից երաժշտական խմբեր, որոնց կատարումները նախատեսվում են Երեւանում եւ Գյումրիում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կայանալու է նախարարական համաժողովը, նախատեսվում է Հայաստանի զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները, մշակույթը ներկայացնող տաղավարների եւ հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսների կազմակերպում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ