«Կասպերսկու Լաբորատորիայի» փորձագետները «ՎԿոնտակե» սոցցանցի հաշվեմատյանների լայնամասշտաբ գողություն են հայտնաբերել։ Դա արվել է Google Play-ի խանութից հավելվածի միջոցով։
Փորձագետների տվյալների համաձայն, տեղեկությունների գողությունն իրականացրել է «Երաժշտություն ՎԿոնտակեում» ծրագիրը, որն իր մեջ վնասատու կոդ էր պարունակում։ Սակայն օգտատերերը նույնիսկ չէին կռահում պատահածի մասին, որովհետեւ այդ ծրագիրն իրականացնում էր սոցցանցի միջոցով երաժշտություն տրամադրելու իր գործառույթը։ Տվյալների գողությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օգտատերը ինքնուրույն կերպով տվյալներ է մտցրել իր հաշվից՝ դրանով թույլ տալով, որ հավելվածը մուտք ունենա իր տվյալներին։ Փորձագետները համարում են, որ հավելվածի զոհ կարող էին դառնալ նաեւ հարյուր հազարավոր օգտատերեր, փոխանցում է Gazeta-ն։
«Մենք օգտատերերին կոչ ենք անում ավելի զգոն լինել, կողմնակի հավելվածների մեջ լոգին եւ գաղտնաբառ չմտցնել։ Իսկ եթե ձեզ մոտ տեղադրվել է դա կամ «ՎԿոնտակեից» երաժշտություն լսելու նմանատիպ հավելված, խորհուրդ ենք տալիս հեռացնել դա եւ արագ փոխել սոցցանցում ձեր հաշվի լոգինն ու գաղտնաբառը»,- պատմում է Ռոման Ունուչեկը, որը «Կասպերսկու լաբորատորիայի» հակավիրուսային փորձագետ է։