News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լիտվան հույս ունի, որ Հայաստանի ու Եվրամիության միջեւ նոր համաձայնագիրն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ուղղությամբ ավելի հեռուն կգնա՝ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով բոլոր մակարդակներում եւ ոլորտներում փոխգործակցության համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լիտվայի ԱԳ փոխնախարար Անդրիուս Կրիվասն ընդգծեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աշխատանքի կարեւորագույն ուղղությունները, ինչպես նաեւ անդրադարձավ ապագա համաձայնագրին՝ ուղղված Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր իրավական շրջանակների սահմանմանը:

Պարոն Կրիվաս, ինչպիսի միջոցառումներ եւ հանդիպումներ եք ծրագրել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ-պետությունների ԱԳ նախարարների 31-րդ համաժողովի շրջանակում:

Թույլ տվեք սկսել նրանից, որ մենք բարձր ենք գնահատում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական հերթական համաժողովը Երեւանում ընդունելու՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությունը: Լիտվան այս կազմակերպությունում դիտորդ է: Եվ մեզ համար Ֆրանկոֆոնիան շատ կարեւոր աշխատանքային ուղղություն է, որը մեզ համար ոչ միայն լեզվաբանական ուղղություն ունի (գաղտնիք չէ, որ Լիտվան ֆրանկոֆոն երկիր չէ):

Մենք մեծ նշանակություն ենք տալիս այս կազմակերպության աշխատանքի այն ուղղություններին, ինչպիսիք են մշակութային, մարդասիրական եւ զարգացման ուղղությունները: Եվ ինձ համար պարզապես եզակի հնարավորություն է այսօր այստեղ՝ հայկական հյուրընկալ հողում գտնվելը, եւ մեծ անհամբերությամբ եմ սպասում համաժողովին: Ես պարզապես չէի կարող բաց թողնել Հայաստանում գործընկերներիս հետ հանդիպելու հնարավորությունը: Շնորհակալ եմ իմ հայ գործընկերներին, որ երկկողմ շփումների եւ քաղաքական խորհրդակցությունների շարք կունենամ:

Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղարը հայտարարեց, որ արդեն հաջորդ շաբաթ Եվրամիության ԱԳ նախարարները բանակցությունների մեկնարկի մանդատ կընդունեն՝ նպատակ ունենալով Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր փաստաթուղթ ընդունել: Ձեր կարծիքով, համագործակցության հետագա զարգացման ի՞նչ հեռանկարներ կան:

Մենք մեր կողմից, որպես Եվրամիության անդամ-պետություն, սատարել եւ սատարում ենք այդպիսի փաստաթղթի մշակման շուրջ աշխատանքը: Դուք, իհարկե, տեղյակ եք, որ Լիտվան երկու տարի առաջ Եվրամիության Խորհրդի նախագահողն էր: Եվ մեր նախագահության առաջնահերթություններից մեկն էլ ԵՄ «Արեւելյան գործընկերության» շրջանակում աշխատանքներն առաջ տանելն էր. ծրագիր, որի ակտիվ մասնակիցներից է Հայաստանը: Այն ժամանակ մենք աշխատում էինք Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:

Տարբեր հանգամանքների եւ պատճառների բերումով Հայաստանն այլ ուղի ընտրեց, սակայն Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ աշխատանքն իզուր չանցավ: Ե՛վ Եվրամիությունը, ե՛ւ Հայաստանը փոխադարձ հետաքրքրություն ունեն տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հարցում: Այդ համագործակցության մի մասը կենտրոնացած է բազմակողմ շրջանակում. Եվրամիություն՝ գումարած «Արեւելյան գործընկերության» բոլոր 6 պետությունները կամ նրանց մի մասը, իսկ այդ համագործակցության մյուս մասը վերաբերում է Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերություններին:

Մենք սատարում էինք այն, ինչը ԵՄ-ն կոչում է «scoping exercise». ըստ էության, ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության խորացման հնարավորության ուսումնասիրություն՝ առանց կողմերի միջազգային այլ պարտավորություններին վնաս հասցնելու: Իրավական համաձայնագրի ստորագրման նախապատրաստումն այդ ջանքերի շարունակությունն է:

Կարծում ենք՝ Հայաստանը եվրոպական երկիր է եւ եվրոպական ապագա ունի: Եվ այն համալիր միջազգային խնդիրները, որոնց այսօր Հայաստանը բախվում է, կլուծվեն համաշխարհային եւ եվրոպական հանրության համատեղ ջանքերով: Լիտվան, որպես ԵՄ անդամ-պետություն, վճռական է դրանում ակտիվ մասնակցություն ունենալու հարցում:

Զրուցեց Տաթեւիկ Ղազարյանը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ