News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Էրեբունի-Երեւան 2797» միջոցառումների ծրագրում ներառվել են նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւան այցելած պաշտոնական պատվիրակությունների անդամների հետ միասին մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում գտնվող այգում ներկա է գտնվել «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագրերի բացօթյա ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: Ցուցահանդեսում հանրությանն են ներկայացվել Արեւմտյան Հայաստանում՝ Տուշպայում (Վան), Տիգրանակերտում եւ այլ քաղաքներում հայտնաբերված մի շարք սեպագիր արձանագրությունների կրկնօրինակներ՝ գիտական մեկնաբանությամբ, թարգմանությամբ։

Ներկաներին ուղղված իր խոսքում Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհավորելով մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին Երեւանի օրվա առթիվ,  նկատել է, որ բաց երկնքի տակ ներկայացված այս ցուցահանդեսը նաեւ ճանաչողական նշանակություն ունի:

«Իր տեսակի մեջ ինքնատիպ բացօթյա այս ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են Արեւմտյան Հայաստանում մեր հոգածությունից ու հսկողությունից հեռու մնացած սեպագրերը, որոնք ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության արժեքն են: Խոսուն փաստ այն իրողության մասին, ըստ որի՝ Թուրքիայում ցավալիորեն չեն պահպանվում նրանցից շատ շատերը: Այստեղ են գտնվում կրկնօրինակներ այնպիսի սեպագրերի, որոնք մեր երբեմնի մայրաքաղաքներինն են՝ ազդարարում են նրանց ծնունդը, կռիվը, հաղթանակներն ու ձեռքբերումները: Մասնավորապես, ներկայացված են Ալաշկերտի, Մուշի, Վան-Տուշպայի սեպագրերը, որոնք վստահաբար նոր են ներկայացվում շատերին, ուստի՝ այս միջոցառումը ունենալու է նաեւ իր ճանաչողական նշանակությունը հայ ժողովրդի անցյալի, վաղեմության, նրա մշակույթի սկզբնաղբյուրի մասին»,- նշել է Արամ Սուքիասյանը: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ Միքայել Բադալյանի եւ խաչքարագործ, արձանագրությունների կրկնօրինակները կերտած Արտակ Համբարձումյանի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել ներկայացված սեպագրերին:

Տպել
Ամենաշատ