News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր որդու` Գորիսի Սդղի գյոլի գործով կալանավորված Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելն ու ազատ արձակելը արդարության վերականգնում է համարում։

«Արդարությունը վերականգնվեց, ի՞նչ կա դրա մեջ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սուրիկ Խաչատրյանը։

Դիտարկմանը, որ կարծիք կա, որ մարզպետը ճնշում է գործադրել  տուժող կողմի` Զաքարյանների ընտանիքի վրա, Սուրիկ Խաչատրյանն արձագանքեց. «Բա խի՞ չեմ կարում ձեր վրա ճնշում գործադրեմ, սաղի վրա կարում եմ, ձեր վրա չե՞մ կարում, բա տենց ո՞նց կըլնի, կյանքս կերաք, պրծաք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում 2015թ. մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի գործով հուլիսի 27-ին կալանավորվել էր Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որը մեկ ամիս անց ազատ էր արձակվել։

Պարզվել էր, որ տուժողը նոր ցուցմունք է տվել, որում փոխել է իր նախնական ցուցմունքը եւ հայտնել, թե իրեն ծեծի ենթարկողը Տիգրան Խաչատրյանը չի եղել: Քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել գլխավոր դատախազին ՝ Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Նրա վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել էր։

Նշենք, որ հուլիսին տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը։ Տիգրան Խաչատրյանը պնդում է, որ ներկա է եղել վեճին, սակայն որեւէ մեկին վնասվածք չի հասցրել, ինքը միայն փորձել է բաժանել վիճողներին։ Վիճաբանությունը տեղի էր ունեցել Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ։

Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ. Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:

Տպել
Ամենաշատ