News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում արտիստները վատ պայմաններում են ապրում, եւ նրանց անվճար բնակարաններ հատկացնելուց մենք պետք է միայն ուրախանանք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, մաեստրո Երվանդ Երզնկյանը՝ ավելացնելով, որ վթարային շենքերում ապրող երեւանցիները շատ են, իսկ քաղաքապետարանի կողմից բնակարան ստացած դերասանները եւ երգիչները մի քանիսն են:  

«Ամեն ինչն իր տեղն ունի. թող ձեզ չթվա, որ Զառա Արամյանը, որին բնակարան են տվել, փողերի մեջ լող ա տալիս, իսկապես նա չունի, եւ դրա համար էլ ստացել է: Ամեն տարի մեկ կամ երկու բնակարան տալիս են մեր արտիստներին եւ երաժիշտներին, որովհետեւ մենք էսօրվա օրով շատ վատ ենք ապրում: Թող ձեզ չթվա, որ մենք բեմերում ենք, ուրեմն միլիոնների մեջ լող ենք տալիս: Իսկապես, մենք էլ շատ վատ ենք ապրում»,–ասաց կոմպոզիտորը:

Երվանդ Երզնկյանը նշեց, որ քաղաքապետարանի ավագանու որոշմամբ անվճար բնակարաններ են հատկացվել նաեւ կարիքավոր ընտանիքներին:

«Եվ նրանց են անդրադառնում, եւ մեզ, հնարավոր չէ բոլորին միանգամից օգնել: Իսկ եթե երկու դերասան բնակարան են ստացել, մենք պետք է մենակ  ուրախանանք»,-ասաց կոմպոզիտորը՝ հավելելով, որ ինքն էլ է երկուսենյականոց բնակարանում ապրում, սակայն «ոչ մեկից ոչինչ չի ուզում»:

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ Երեւանի քաղաքապետարանի ավագանին մշակութային չորս գործիչների Երեւանում բնակարաններ է նվիրաբերել նորակառոյց շենքերում, որոնք նախատեսված են վթարային շենքերի բնակիչների համար։

Ավագանու անդամների մեծ մասի «կողմ» քվեարկությամբ որոշվել է բնակարաններ նվիրել դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին:

 

Տպել
Ամենաշատ