News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակիչ, 12-ամյա Վահե Գիժլարյանը վեց տարեկանից տարվել է շախմատով։ Ասում է՝ շախմատը կյանք է, օգնում է ցանկացած իրավիճակում արագ կողմնորոշվել։

«Եթե կարողանում ես լավ շախմատ խաղալ, բնագիտական առարկաները հեշտությամբ են քեզ տրվում. ես համոզվել եմ դրանում։ Արդեն այս տարի ֆիզիկա, հանրահաշիվ երկրաչափություն եմ անցնում, արդեն հեշտ է ինձ համար։ Ցանկացած բնագավառում ճիշտ ելքն արագ ես գտնում, թե դպրոցում, թե առօրյայում, թե բակում շախմատը միշտ էլ պետք է գալիս»,-ասում է Երեւանի Ավանի 171 հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանում գերազանց սովորող աշակերտը։

Վահեն շախմատի առաջին  տախտակը ծննդյան օրն է նվեր ստացել քեռուց։ Հինգ տարեկան էր, երբ հայրը սկսեց տղային շախմատ խաղալ սովորեցնել։ Վահեն շուտով հասկացավ՝ շախմատ խաղալն ամբողջ կյանքի համար է։ Այն ժամանակ 6 տարեկան Վահեն մայրիկին խնդրում է իրեն շախմատի դպրոց տանել։

«Հայրս շախմատ խաղալ սովորեցրեց, ծնունդիս քեռիս շախմատ էր նվիրել, հետաքրքրություն առաջացավ ինձ մոտ այդ խաղի նկատմամբ։ Որոշեցի շախմատ պարապել, 1-ին դասարան էի։ Նույնիսկ մայրիկիս համոզում էի տանել ինձ շախմատի, ասում էր՝ հա, հետո կգնանք, բայց ես ասում էի՝ չէ, հիմա եմ ուզում, ես անպայման պետք է շախմատ խաղամ»,-ասում է պատանի շախմատիստը։

Վահեն շախմատում հաջողություններ չի գրանցում մինչեւ Երեւանի Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց հաճախելը։

Մեկ տարի անց մեկնարկում է Վահեի հաղթարշավը. Վահեն արժանանում է բազմաթիվ գավաթների եւ պատվոգրերի, Անդրանիկ Մարգարյանի շախմատային  հուշամրցաշարում գրավում է 3-րդ տեղը, Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ-2015» պատանեկան միջազգային բաց մրցաշարում` արժանանում է 1-ին մրցանակի, Հայաստանի շախմատի առաջնությանը զբաղեցնում 8-րդ տեղը։

Երեւանի Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Դավիթ Հունանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Վահեն առանձնանում է դպրոցի մյուս երեխաներից իր լրջությամբ եւ երկար մտածելուց հետո լավագույն քայլ կատարելու ունակությամբ։

«Հայաստանի առաջնության լավագույն տասը երեխաներից մեկն է համարվում իր արդյունքներով։ Ունի յուրահատուկ համեստ բնավորություն։ Առանձնանում է երկարատեւ մտածելու ընդունակությամբ, երբեք արագ չի խաղում, շատ զգուշավոր է, միշտ ձգտում է լավագույն քայլը գտնի, նոր քայլ անի։ Շատ լավ, հեռանկարային, ձգտող երեխա է, շատ լուրջ հաջողություններ կգրանցի»,-ասաց Դավիթ Հունանյանը՝ նշելով, որ Վահեն իր տարիքային խմբում շախմատի մարզադպրոցի լավագույն աշակերտն է։

Վահեն ասում է՝ սիրած շախմատիստը Լեւոն Արոնյանն է։ Երազում է նրա հետ մի պարտիա շախմատ խաղալ եւ ապագայում նույնիսկ գերազանցել Արոնյանի գրանցած հաջողությունները։

Տպել
Ամենաշատ