News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի (Սենատ) նախագահ Իրման Գուսմանի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, ընդգծելով, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին:

Սերժ Սարգսյանը կարեւորել է բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, նոր որակ եւ բովանդակություն են հաղորդում միջպետական հարաբերություներին՝ հնարավորություն ընձեռելով հանգամանորեն քննարկել փոխգործակցության երկկողմ օրակարգը:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ Ինդոնեզիայի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահի այցը նոր շունչ կհաղորդի երկու ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամությանը:

Հայ-ինդոնեզական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման տեսանկյունից հանդիպմանը երկուստեք կարեւորվել է օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ համագործակցության ձեւավորումն ու այդ նպատակով երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծումը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ 2013թ. Ջակարտայում Հայաստանի դեսպանության բացումը Ինդոնեզիայի հետ հարաբերությունների զարգացման հարցում մեր երկրի ցանկության եւս մեկ վկայություն է:

Սերժ Սարգսյանը եւ Իրման Գուսմանը կարեւորել են նաեւ Հայաստանի եւ Ինդոնեզիայի միջեւ առեւտրատնտեսական կապերի սերտացումն ու տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ հետեւողական աշխատանքը, այդ նպատակով իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձեւավորումը:

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ