Առաջիկա տասնամյակների ընթացքում Թուրքիան հազիվ թե պատրաստ լինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ հայ-թուրքական հարաբերություններում հազիվ թե ինչ-որ բան փոխվի, չնայած Թուրքիայում տեղի ունենալիք ընտրությունները որոշակիորեն կազդեն դրա վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միչիգանի համալսարանից հայագետ Գեւորգ Բարդակչյանը:
Նրա կարծիքով, եթե Էրդողանը կարողանա ձայների մեծամասնություն ստանալ եւ վերընտրվել, հայ-թուրքական հարաբերություններում շատ դժվար ժամանակաշրջան կսկսվի: Գեւորգ Բարդակչյանի կարծիքով, առայժմ Էրդողանի խնդիրը քրդական կուսակցությունից ձայների 13%-ը խլելը եւ բացարձակ մեծամասնություն ստանալն է, որպեսզի կարողանա խորհրդարանում իր ծրագիրն առաջ քաշել: Մինչեւ հիմա, նրա ծրագիրը չափավոր մահմեդական էր, բայց այսուհետ հավանաբար ամբողջությամբ մահմեդական կդառնա: Հայ-թուրքական հարաբերություններին դա հազիվ թե նպաստի:
Մյուս կողմից, Գեւորգ Բարդակչյանը Թուրիայում չի տեսնում այնպիսի թեկնածուի, որի իշխանության գալն օգնի բարելավել հայ-թուրքական հարաբերությունները եւ նպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հայագետի կարծիքով, ամեն դեպքում եթե Էրդողանը չկարողանա մեծամասնություն հավաքել, Թուրքիայում իրավիճակը շատ լուրջ կլինի. Էրդողանի ծրագիրը առավել կամ պակաս չափով կանխատեսելի է, իսկ թե ինչ կլինի, եթե այլ նախագահ ընտրվի, դժվար է ասել. գուցե իսկական քաոս տիրի:
«Թուրքիայում այսօր ամեն ինչ գլխիվայր է լինելու, ասես Պանդորայի արկղիկ բացած լինեն, հատկապես քրդերի հանդեպ նրանց նոր քաղաքականությունից հետո: Չի բացառվում, որ մոտ ժամանակներս քաղաքացիական նոր բախումներ լինեն», - նշել է հայագետը:
Ինչ վերաբերում է այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դա, հայագետի կարծիքով, շարունակական գործընթաց է. գնալով նորանոր երկրներ ու կազմակերպություններ են ճանաչում ցեղասպանությունը, դրա վերաբերյալ տեղեկատվությունն ավելի մատչելի է դառնում: