News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հինայով հարսի ձեռքերին ու ոտքերին զարդանախշեր դաջելու սովորույթը հնում տարածված է եղել նաև հայերի մոտ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեհնդի (hինայով զարդանախշեր անող) Միլենա Ավետիքյանը` ընդգծելով, որ Հնդկաստանում դրանց լայն կիրառմամբ պայմանավորված շատ հայեր այն ասոցացնում են հինդուիզմի հետ ու կարծում, որ դա հակաքրիստոնեական երևույթ է։

«Հնում հայերը հարսանիքից առաջ հարսի ձեռքերին ծաղիկներ են դրել ու վրան հինա լցրել, հետո հինայի չորանալուց հետո այն թաղել են հողի տակ, որպեսզի ընտանիքն ամուր լինի»,- նշում է Միլենան։

Այս սովորույթը ըստ Միլենա Ավետիքյանի, հայերի մոտ վերջանականապես վերացել է 20–րդ դարի սկզբին։  Սակայն վերջին տարիներին հինայով զարդանախշերը կրկին սկսել են արդիական դառնալ մեզ մոտ, թեեւ ոչ թե որպես հին հայկական, այլ հնդկական մշակույթի ներթափանցած տարր։

 Հինայով դաջվածքները նախընտրում են հատկապես այն մարդիկ, որոնք ցանկանում են ժամանակավոր դաջվածք ունենալ։ Դրանք սովորաբար մարմնին մնում են 15-30 օր՝ կախված մաշկի որակից, և չորանում են քսան րոպեի ընթացքում։ Այն կարծիքը, որ հինան շատ լվացվելուց ավելի արագ է մաքրվում, ըստ մեհնդիի, սխալ է։

«Շուտ-շուտ լողանալն ու լվացվելը կապ չունեն հինայի ջնջվելու հետ։ Սովորաբար դրանք պահպանվում են ավելի քան երկու շաբաթ, սակայն կան մարդիկ, որոնց մարմնից զարդանախշերը մեկ ամիս անց են միայն ջնջվում»,- ասաց Միլենան։

Դաջվածքների համար նախատեսված հինաները կարող են լինել և քիմիական, և բնական։ Բնական հումքով պատրաստված հինաներն ունեն առողջարար հատկություն. կարգավորում են արյան ճնշումը, անցկացնում գլխացավը։

Նշենք, որ հինայով դաջվածքի սովորույթն առաջացել է Հին Եգիպտոսում մոտ 5000 տարի առաջ ու տարածվել այլ երկրներում։ Այսօր ամենից շատ հինայով դաջվածքներ անում են Հնդկաստանում։ Ըստ հնդկական ավանդույթի` հարսանիքից մեկ օր առաջ տարեց կանայք հարսի ձեռքերին ու ոտքերին պետք է հինա դնեն, և այդ ընթացքում խորհուրդներ տան նրան ապագա ընտանեկան կյանքի մասին։

Տպել
Ամենաշատ