Սեպտեմբերի 1-ին համաշխարհային Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն տղամարդկանց Հայաստանի հավաքականը Ջերմուկում իր եզրափակիչ հավաքն է սկսել սեպտեմբերի 19-ին Խանտի Մանսիյսկում մեկնարկելիք 39-րդ օլիմպիադայից առաջ: Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ, Ջերմուկում ավելի քան երկու շաբաթ պարապմունքներ կանցկացնեն հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, հաղորդում է armchess-ը: Բացակայում է թիմի առաջատար Լեւոն Արոնյանը, որը Շանհայում վաղվանից մասնակցելու է Մեծ սաղավարտի մրցաշարին:
Ջերմուկում Հայաստանի կանանց հավաքականի ավագ մարզիչ Աշոտ Անաստասյանի գլխավորությամբ, իրենց հավաքն են անցկացնում նաեւ մեր ուժեղագույն շախմատիստուհիները: Խանտի Մանսիյսկ թիմը կմեկնի Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Նելլի Աղինյան, Անահիտ Խառատյան կազմով: