News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում բացվել է քվիլլինգ արվեստի գործերի (paper art, թղթե արվեստ) ցուցահանդեսը։ Ներկայացված են Նաիրա Ավետիսյան-Պլանջյանի հեղինակած ավելի քան 30 աշխատանքները։ Սա բացառիկ ցուցահանդես է, նոր խոսք Հայաստանում։

Քվիլլինգը հարթ կամ փքուն ոլորած թղթից պատրաստված ստեղծագործություններ են: Երկար եւ բարակ թղթերի ոլորումով ստացված գունագեղ աշխատանքների արվեստը ծագել է միջերկրյածովային Եվրոպայում 14-րդ դարի վերջին եւ 15-րդ դարի սկզբին: Ոսկու տպավորություն ստեղծելու համար մարդիկ կտրում էին գրքերի ոսկեզօծ եզրերը, ոլորում դրանք եւ ամրացնում թռչունների փետուրների ծայրերին (այստեղից էլ առաջացել է անվանումը` քվիլ-quill, անգլերեն նշանակում է «թռչնի փետուր»):

 Ցուցահանդեսի հեղինակը` Նաիրա Ավետիսյան-Պլանջյանը, ստեղծել է ավելի քան 50 աշխատանք, որոնց մի մասը անձնական հավաքածուներում է: Աշխատանքների հիմքում ընկած են եւ′ համաշխահային ճանաչում ստացած նկարիչների գործեր, եւ′ անհատական մտքի ու շնորհքի վերարտադրություններ, կան գործեր, որոնք լրացնում են միմյանց ու կարծես մեկը մյուսի շարունակությունը լինեն: Հեղինակի աշխատանքներն էքպրեսիոնիզմի վառ արտահայտություններ են:  

Նաիրա Ավետիսյան-Պլանջյանը նշում է, որ ցուցահանդեսում ներկայացված են չորս տարիների իր աշխատանքի արդյունքները։ Գործերը տարբեր ոճերի եւ տարբեր թեմաներով են։ Հեղինակն այս հետաքրքիր արվեստին ծանոթացել է լոնդոնյան թանգարաններից մեկում։ «Տեսածս աշխատանքներն ինձ շատ հետաքրքրեցին, եւ ես սկսեցի ուսումնասիրել արվեստի այս ճյուղը»,- ասում է հեղինակը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր գործի կյանք տալու համար պահանջվում է 15 օրից մինչեւ մեկ ամիս ժամանակ։

 Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։ Այն բաց կլինի մեկ շաբաթ, ցանկացողները կարող են այցելել եւ հաղորդակից լինել քվիլլինգի հետաքրքիր աշխարհի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ