News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Ազգային ժողովում  փակ հանդիպում ունեցավ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման մասին եւ արտգործնախարարը, եւ պատգամավորները խուսափեցին մանրամասներ ներկայացնել: Քննարկվել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի եւ ԵԽԽՎ-ում քաղաքական հանձնաժողովի կողմից ընդունված ու հունվարի լիագումար նիստ տեղափոխված հակահայկական զեկույցի վերաբերյալ հարցեր:  Հունվարյան լիագումար նիստում բանաձեւի ընդունումը տապալելու համար առաջարկներ էին հնչում փոխել պատվիրակության կազմը:  NEWS.am-ը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեց` արդյո՞ք փակ հանդիպման ժամանակ քննարկվել է պատվիրակության կազմի փոփոխության հարցը:

Տիկին Նաղդալյան, քննարկվե՞լ է պատվիրակության կազմի փոփոխության հարցը:

Պատվիրակության կազմում փոփոխությունների խնդիրը լուծում են խմբակցությունները, եւ եթե Դուք ուզում եք այս հարցը բարձրաձայնել, ուրեմն պիտի դիմեք մեր խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ նրանց հետ քննարկել պատրաստվո՞ւմ են իրենք իրենց կողմից ներկայացված անդամներին փոխելու հարց բարձրացնել:

ՀՀԿ-ում ի՞նչ մտադրություն ունեն:

ՀՀԿ-ում Ազգային ժողովի նախագահը խնդրին անդրադարձել է: Ասել է, որ մենք կազմի մեջ փոփոխություն չենք պատրաստում:

Ձեր կուսակից Համլետ Հարությունյանը քննդատեց պատվիրակության աշխատանքը եւ առաջարկեց փոխել կազմը: Ի՞նչ կասեք նրա առաջարկի մասին:

Որեւէ բան չեմ ասի:

Նա իրավացի՞ է:

Խնդրեմ, ես իմ տեղը պատրաստ եմ զիջել Համլետ Հարությունյանին, իսկ մյուս պատվիրակների վերաբերյալ իրենց խմբակցությունների ղեկավարները թող քննարկեն:

Եթե կազմի փոփոխություն չի նախատեսվում, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այդ, որպեսզի զեկույցը չընդունվի հունվարյան լիագումար նիստում:

Ես այս պահի դրությամբ ունեմ աշխատանքային պարտականություններ եւ զբաղված եմ այդ զեկույցի ու պատվիրակության մյուս գործընթացների հետ կապված իմ աշխատանքները կատարելով, բայց այդ աշխատանքները այդպիսին չեն, որոնք ես պիտի նախապես ներկայացնեմ:

Գործողությունների ծրագիր կա՞, որով հավանական է համարվում բանաձեւի ընդունումը տապալել:

Այսօր գոյություն ունի հայկական պատվիրակություն, այդ պատվիրակության խնդիրն է` այդ հարթակում Հայաստանի եւ Ղարաբաղի հետ կապված խնդիրների չեզոքացումը: Իսկ գործողությունները ներկայացնելը նախապես ճիշտ չի, դրա համար էլ մենք չենք ներկայացնում:

Հրապարակման ոչ ենթակա այդ գործողությունները Ձեզ հույսեր ներշնչո՞ւմ են, որ պատվիրակությանը կհաջողվի լիագումար նիստում հաջողության հասնել թեկուզ ձեւակերպումների մեղմացման առումով:

Ես Ձեզ կարող եմ հիշեցնել, որ այդ նույն խորհրդարանական վերահաժողովում էլ ունեցել ենք շատ ծանր, բարդ, նեգատիվ, մեզ համար անցանկալի զարգացումներ, որոնք ի վերջո չեզոքացվել են:

Քննադատվեց նաեւ Ձեր` ԵԽԽՎ-ում ռուսերեն լեզվով ելույթ ունենալու հանգամանքը…

Եվրոպայի խորհրդի նիստերը օնլայն հեռարձակվում են, որոնք շատ մարդ դիտում է: Դուք եւս կարող եք դիտել, որ թե ես, թե մեր պատվիրակության անդամները խոսում ենք եւ եվրոպական լեզուներով, եւ եթե լինում է անհրաժեշտություն, խոսում ենք նաեւ ռուսերեն եւ, ընդհանրապես պիտի ասեմ, որ Եվրոպայի խորհրդում ազատ է այդ իմաստով եւ շատ պատվիրակություններ շատ հաճախ, երբ հատկապես լինում են սուր բանավեճեր, քիչ ժամանակի ընթացքում բավական մեծ ծավալի ինֆորմացիա հայտնելու համար անցնում են իրենց մայրենի լեզուներին, որովհետեւ բոլորի համար էլ անգլերեն ու ֆրանսերենը լեզվամտածողությամբ մայրենի լեզու չեն, եւ կարողանում են դժվարություններ ունենալ ու շատ ժամանակ ծախսել, ուստի դրա մեջ որեւէ առանձնհատուկ բան չեմ տեսնում:

Ես հասկանում եմ, որ ասում են, թե ռուսերեն խոսողները ռուսամետ են, անգլերեն խոսացողները` եվրոպամետ , եւ մեկ անգամ եւս ասեմ, որ ես հայամետ եմ, եւ համարում եմ` ՀՀ բոլոր պաշտոնյաները, միջազգային հարթակներում աշխատող բոլոր պատվիրակները պիտի ընդամենն ու միայն հայամետ լինեն:

Որպես պատվիրակության կազմի ղեկավար` Ձեր մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք, կա՞ն բաներ որոնք չարվեցին, ինչից հետեւություն եք արել:

Պատվիրակությունը բազմաթիվ անգամ ասել է` ինչը, որ մեր հնարավարությունների շրջանակում տեսել ենք, արվել է:

Եթե կազմն էլ փոխվի, նույն արդյո՞ւնքն է լինելու:

Երեւի այո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ