News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար առաջնային խնդիր է գիտական մրցունակ ծրագրերի իրագործումը, ինչպես նաեւ երիտասարդ գիտական կադրերի պատրաստումը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) գործադիր տնօրեն Դեւիդ Կլիվի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ Հայաստանը գիտության եւ նորարարությունների զարգացման ոլորտում կարեւորում է բոլոր հնարավորությունները:

ՄԳՏԿ տնօրենն իր հերթին նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի հետ գիտատեխնիկական ոլորտի համագործակցության զարգացմամբ:  Դ. Կլիվը նշել է, ՄԳՏԿ կազմից Ռուսաստանի դուրս գալուց հետո առաջացել էին որոշակի խնդիրներ, որոնք այժմ գտել են իրենց լուծումները. մասնավորապես իրականացվել են կանոնադրական որոշակի փոփոխություններ, մշակվել են զարգացման նոր ռազմավարություն եւ առաջիկայում ակնկալվում է ՄԳՏԿ ծրագրերի ֆինանսավորման նոր փուլի սկիզբ:

Նրա խոսքով՝ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն ՄԳՏԿ զարգացման ռազմավարության եւ ընդլայնման հարցերը: Այս համատեքստում անդրադարձ է եղել ՄԳՏԿ միջոցներով գիտական ծրագրերի իրականացմանը:

Նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ 90-ական թվականների սկզբից մինչեւ 90-ականների վերջը, երբ Հայաստանը անդամակցել է ՄԳՏԿ-ին, գիտության ոլորտի առջեւ ծանրացած  էր առավելապես համակարգը պահպանելու խնդիրը, այսօր սակայն ջանքերն ուղղվում են նաեւ զարգացման ուղղությամբ:

Ընդգծելով, որ Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից մեկը գիտության ոլորտի միջազգայնացումն  է, ԿԳ նախարարը նշել է, որ 2016 թվականից Հայաստանը միանում է Եվրոպական միության «Հորիզոն 2020» ծրագրին, որը ԵՄ գիտական ֆոնդերից օգտվելու լրացուցիչ հնարավորություն է։

«Մեզ համար առաջնային խնդիր է գիտական մրցունակ ծրագրերի իրագործումը, ինչպես նաեւ երիտասարդ գիտական կադրերի պատրաստումը»,-  նշել է Ա. Աշոտյանը եւ հավելել, որ ցանկացած միջազգային համագործակցության ձեւաչափ, եթե այն վերջնարդյունքում կարող է նպաստել նաեւ գիտական նախագծի առեւտրայնացմանը, ընդունելի է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել համատեղ գիտական ծրագրերի բնագավառներին եւ ֆինանսավորման մեխանիզմներին, համագործակցության ձեւաչափերին: ՄԳՏԿ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաեւ ՀՀ ԿԳՆ գիտպետկոմում եւ գիտահետազոտական կենտրոններում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը:

Տպել
Ամենաշատ