News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոտավոր հաշվարկներով՝ ներկայում 60 մլն. բռնի տեղահանվածների կեսը կանայք են: Այս մասին նշված է Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միձազգային օրվա առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի ուղերձում:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հակամարտության գոտիներում կանանց ու աղջիկների դեմ իրականացվող ծանր հանցագործությունները, ինչպես եւ բոլոր երկրներում առկա ընտանեկան բռնության երեւույթը, լուրջ սպառնալիք են առաջընթացի ճանապարհին:

Ես խորապես մտահոգված եմ այն կանանց ու աղջիկների դրությամբ, որոնք ապրում են զինված հակամարտության պայմաններում, տարատեսակ բռնության, սեռական ոտնձգության, սեռական ստրկության ու թրաֆիքինգի զոհ դառնում: Մարտնչող ծայրահեղականները խեղաթյուրում են կրոնական ուսմունքները՝ արդարացնելու կանանց զանգվածային հպատակեցումն ու նրանց նկատմամբ բռնությունը: Սրանք բռնության եզակի գործողություններ կամ պատերազմի դիպվածային հետեւանքներ չեն, այլ կանանց ազատությունները սահմանափակելու եւ նրանց մարմինները տնօրինելու համակարգային ջանքեր: Մինչ աշխարհը ձգտում է հակազդել բռնի ծայրահեղականությանն ու կանխել այն, կանանց եւ աղջիկների պաշտպանությանն ու զորացմանն առանցքային կարեւորություն պետք է տրվի:

Մոտավոր հաշվարկներով՝ ներկայում 60 մլն. բռնի տեղահանվածների կեսը կանայք են: Շատերը, որոնք փախչում են պատերազմից ու բռնությունից, հաճախ ենթարկվում են միգրանտների ապօրինի ներմուծմամբ զբաղվողների անխիղճ շահագործմանը, ընդունող հասարակություններում դառնում գենդերային խտրականության ու այլատյացության զոհ: Նրանք, ովքեր չափազանց երիտասարդ, չափազանց ծեր կամ խոցելի են՝ ձեռնարկելու այդ վտանգավոր ճամփորդությունը, թողնվում են տեղերում՝ հեռացածների բացակայությամբ հայտնվելով էլ ավելի խոցելի վիճակում:

Նույնիսկ խաղաղ տարածքներում կանանց նկատմամբ բռնությունը պահպանվում է ֆեմիցիդի (կնասպանության), սեռական բռնության, կանանց սեռական օրգանների խեղման, վաղ ամուսնությունների կամ կիբեր-բռնությունների տեսքով: Այս երեւույթները վնասվածքներ են հասցնում անհատներին ու քայքայում հասարակության կառուցվածքը:

Որպես գլոբալ արձագանք՝ ես առաջնորդեցի «Միավորվենք՝ վերացնելու կանանց հանդեպ բռնությունը» (UNiTE to End Violence against Women) քարոզարշավն ու HeForShe (տղամարդը կնոջ համար) նախաձեռնությունը՝ գենդերային հավասարության խթանման գործում տղամարդկանց ներգրավելու նպատակով: Կոչ եմ անում կառավարություններին՝ ավելացնել ներդրումները կանանց հանդեպ բռնության վերացման ՄԱԿ-ի կամավոր հավատարմագրային հիմնադրամում, որն ուղղված է այս ոլորտում ներդրումների շարունակական անբավարարության խնդրի լուծմանը:

Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում միավորվում են նարնջագույն ցուցապաստառի ներքո. այդ գույնն ընտրված է որպես կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությունից զերծ աշխարհի առավել պայծառ ապագայի խորհրդանիշ: Այս տարի, նշանավորելով փոփոխության աճող շարժիչ ուժը, աշխարհի խորհրդանշական վայրերը՝ Հորդանանի Պետրա քաղաքի պատմական ավերակներից մինչեւ Հյուսիսային Ամերիկայի Նիագարա ջրվեժը, կլուսավորվեն նարնջագույնով:

Մենք կարող ենք նաեւ ուղի հարթել դեպի բոլոր մարդկանց համար արժանապատվության ու հավասարության ապագա ՝ իրագործելով նոր ընդունված «Կայուն զարգացման օրակարգ – 2030» փաստաթուղթը, որը կարեւորում է կանանց հանդեպ բռնության վերացումը եւ կայուն զարգացման մի շարք նպատակների համար այս հիմնախնդրին առնչվող թիրախներ սահմանում: ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների, խաղաղաշինության ջանքերի եւ կանանց, խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող օրակարգի վերջին հիմնական վերանայումների արդյունքում կարեւորվել է խաղաղության եւ անվտանգության գործում կանանց մասնակցության վճռորոշ դերը:

Կանանց ու աղջիկների հանդեպ բռնության տարածվածությունը ենթադրում է, որ բոլորս կարող ենք դրան դիմակայելու քայլեր ձեռնարկել: Եկե՛ք միավորենք մեր ուժերը՝ արմատախիլ անելու հանցավորության այս դրսեւորումն ու խթանելու գենդերային հավասարությունը, եւ իրականություն դարձնելու այնպիսի աշխարհը, որտեղ կանայք ու աղջիկներն ապրում են արժանի անվտանգության պայմաններում – հանուն ոչ միայն նրանց, այլեւ ողջ մարդկության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
Ամենաշատ