News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված, Երեւանի 19-ամյա բնակիչ Արթուր Հակոբյանի հարազատները  պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հարբած հրամանատարը:

NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Հակոբյանի մորաքույրը` Ռիտա Հակոբյանը, նշեց, որ Արթուրը մինչեւ բանակ մեկնելը ոչ մի հոգեկան խնդիր չի ունեցել, նրան բանակում ծեծել են, որի պատճառով էլ վախեցել, հոգեկան խնդիրներ է ձեռք բերել եւ տեղափոխվել հոսպիտալ:

«Իմ երեխան 100 տոկոսանոց տղա էր, ոչ մի առողջական խնդիրներ չի ունեցել: Հոսպիտալ տեղափոխել են վնասվածքներով, գլխի հատվածում հարված է ստացել, դրա համար էլ հիշողությունը կորցրել է, բայց արդեն վերականգնվում է»,-ասաց Ռիտա Հակոբյանը:

Ռիտա Հակոբյանը պատմեց, որ Երեւանի կայազորային հոսպիտալում տեսակցության ընթացքում տեսել է Արթուրի պարանոցի շրջանում վնասվածքներ. «Բժշկին ասացի, որ վնասվածքներ եմ տեսել պարանոցին, նա էլ ասաց՝ հա, բատինկի հետք, քերծվածք, ես ինչ-որ տենում եմ, դրանք արձանագրում եմ»:

Արթուրի մորաքույրը նշեց, որ իր զարմիկը շարունակում է պնդել, որ իրեն ծեծել են, նա անընդհատ նշում է նաեւ ծեծողի անունը եւ վախենում իր զինվորական լուսանկարներից. «Նոյեմբերի 6-ին, երեխան չաստում ընկերոջ հետ խանութ է գնացել սիգարետ առնելու, էդ Ջիվան Մկրտչյանն էլ (խմբ. գումարտակի հրամանատարը) տեսել է խանութի մոտ ու ասել` ինչ գործ ունեք էս ժամին ստեղ, քաշել է ականջից, ծեծել, դրա դրա համար էլ երեխես անընդհատ ասում ա` Ջիվանն ինձ ծեծեց, Ջիվանն ինձ խփեց, բա էդ խի՞ Պետրոս չի ասում, այլ հենց Ջիվան ա ասում».

Մորաքրոջ խոսքով, Արթուրի վիճակը համեմատաբար բարելավվել է, սակայն դեռ հիշողությունը ամբողջությամբ չի վերականգնվել: Նա նշեց, որ քննիչը իրեն է փոխանցել քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենը, որը էլ ավելի է խորացրել Արթուրի հարազատների կասկածները, որ երեխային ծեծել են:

«Քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ գրել են նյարդային հիվանդություն ունի, որովհետև հիմա իրենց դա ձեռք է տալիս, որովհետև հիմա ուզում են այս ծեծի վերաբերյալ գործը փակեն: Բժիշկն էլ ասում է, որ ավելի վաղ են նրա մոտ հոգեկան խնդիրներ եղել, դե որ եղել են, էդ ո՞նց եք բանակ տարել: Իմ տղան առողջ ա եղել միշտ,  չկարողացան բանակում պահել նրան», - ասաց Ռիտա Հակոբյանը։

Տպել
Ամենաշատ