News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թեեւ Հայաստանում օրենսդրորեն արգելված է դատապարտյալներին բջջային հեռախոսներ ունենալ եւ օգտվել համացանցից, սակայն քրեական նորությունները լի են բանտարկյալների կողմից համացանցի միջոցով կատարած հանցագործությունների մասին տեղեկություններով:

Մասնավորապես, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ.Ս.-ն մեղադրվում է 10-ից ավելի անձանցից խոշոր չափի գումար հափշտակելու մեջ: Պարզվում է, որ դատապարտյալը խարդախությունը կատարել է համացանցի միջոցով:

Ըստ նախաքննական մարմնի՝ դատապարտյալը, ներկայանալով որպես ռուսական ռազմաբազայի զինծառայող «փոխգնդապետ Գեղամ», համացանցի միջոցով իբր վաճառել է կենցաղային իրեր: Մարդիկ, տեսնելով հայտարարությունները, դիմել են, ձեռք բերել պայմանավորվածություն նրա հետ: Գործարքի օրը «փոխգնդապետ Գեղամը» հանձնարարել է ապրանքը տանել Գյումրի, այնուհետեւ ասել, թե ծառայության է, օգնականը կվերցնի գումարը, իսկ ավելի ուշ ինքը կուղարկի ապրանքը: Գումարը վերցնելուց անմիջապես հետո անհասանելի է դարձել «փոխգնդապետի» հեռախոսահամարը, իսկ մարդիկ էլ չեն կարողացել հետ ստանալ իրենց գումարը:

Հարց է առաջանում՝ ինչպես է դատապարտյալը համացանցից օգտվել, երբ կալանավայրերում արգելված է այն:

Կ.Ս.-ի դեպքը մեկն է այն հարյուրավորներից, որ ամեն օր կարելի է իմանալ՝ կամ Քրեակատարողական վարչության տարածած հաղորդագրություններից, կամ Դատական տեղեկատվական համակարգից, որտեղ տեղադրվում են մեղադրական եզրակացությունները:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի եվ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը մշակել է այն իրերի, առարկաների եւ սննդամթերքի ցանկը, որոնք արգելվում են ունենալ կալանավորված անձնաց եւ դատապարտյալներին իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով եւ փաթեթներով: Ըստ այդմ արգելվում է՝

1. Քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և արտադրատեսակներ

2. Ցանկացած տեսակի հրազեն և սառը զենք

3. Ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք, բաժանորդային քարտ և այլ մասեր ու պարագաներ, ռացիա և այլն), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

4. Դրամ, արժեթղթեր, թանկարժեք իրեր, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

5. Ապակյա կամ մետաղյա տարաներ, ինչպես նաև այդ տարաներով հեղուկներ կամ սննդամթերք, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

6. Օպտիկական սարքեր (բացառությամբ ակնոցների), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

7. Ցանկացած տեսակի փաստաթուղթ (բացառությամբ քրեական գործին վերաբերող կամ իրենց իրավունքներին և օրինական շահերին առնչվող փաստաթղթերի և գրառումների, եթե դրանք չեն պարունակում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

8. Կացին, մուրճ և այլ գործիքներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

9. Դանակ, ածելու շեղբ կամ կտրող-ծակող այլ առարկաներ, որոնք իրենց կառուցվածքով նման են սառը զենքի, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

10. Ֆոտոխցիկ, տեսախցիկ, վիդեո- աուդիո ձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկա, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

11. Տոպոգրաֆիկ քարտեզներ, կողմնացույցներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

12. Երաժշտական գործիքներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

13. Խմորիչ, տնային պայմաններում պատրաստված պահածոներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

14. Էլեկտրակենցաղային իրեր (բացառությամբ էլեկտրական ածելիների), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

15. Անկողնային ծրարներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների

Չնայած արգելված իրերի այս ցանկին՝ դատապարտյալները կարողանում են անարգել կալանավայրերում ունենալ բջջային հեռախոսներ, օգտվել համացանցից, հետեւաբար կատարել խարդախություններ կամ այլ հանցանքներ:

Դատական տեղեկատվական համակարգում քիչ չեն գործերը, երբ դատապարտյալը սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է կանանց հետ, ապա սպառնալիքի միջոցով խոշոր չափի գումար ստացել: Նմանատիպ մեղադրանքով 2014թ.-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Նարեկ Պետպանյանին դատապարտել էր ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով: Ըստ մեղադրական եզրակացության՝ 28-ամյա դատապարտյալ Նարեկ Պեպանյանը «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում «Հենդո Տրիկո» անվամբ էջով ծանոթացել էր Երեւանի բնակչուհի Նունեի հետ, որոշ ժամանակ անց նրանից 3000 ԱՄՆ դոլար էր պահանջել՝ իր բացած Nune Jan կեղծ օգտատիրոջ էջից Նունեի հեռախոսահամարը ու Նունեին վերագրվող այլ կանանց պոռնկագրական բնույթի լուսանկարները ջնջելու, այդ էջում իրենց ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները չհրապարակելու համար:

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի խոսքով՝ դատապարտյալներն իսկապես իրավունք չունեն օգտվել կապի որեւէ միջոցից:

«Քրեակատարողական հիմնարկներում կան հեռախոսներ, որոնցից թույլատրվում է՝ օգտվի դատապարտյալը, բայց ոչ երբեք բջջային հեռախոսից: Բացի դրանից, գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում կան համակարգչային սենյակներ, որտեղ դատապարտյալները սովորում են համակարգչային հմտություններին աշխատակիցների ներկայությամբ: Այստեղ իհարկե համացանցի հնարավորություն չկա»,- ասաց Գոռ Ղլեչյանը:

Նա հաստատեց, որ վարչությունն անում է հնարավորը՝ բջջային հեռախոսներն առգրավելու կամ ՔԿՀ չմտցնելու համար. միայն վերջին 10 ամիսներին առգրավվել են 1903 բջջային հեռախոս: Թե դրանցից քանիսի վերաբերյալ է քրեական գործ հարուցվել, վիճակագրական տվյալներ չկան: Այնուամենայնիվ, հեռախոսների առգրավումը կարծես թե իրավիճակը «չի փրկում»:

Նշենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շաբաթներ առաջ կատարված խուզարկությունն եւ կալանավորների նկատմամբ բռնությունը, ըստ տարբեր տեղեկությունների, կապված են կալանավորների՝ հեռախոսների միջոցով խոշոր չափի գումարներ հափշտակելու հետ: Այդ ժամանակ կալանավորների հարազատները մեծ աղմուկ բարձրացրին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կատարված խոշտանգումների վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել: Ըստ տարբեր տեղեկությունների՝ ՔԿՎ ղեկավարությունը բիրտ գործողությունների է դիմել, քանի որ կալանավորները տարբեր մարդկանցից խաբեբայությամբ բավականին խոշոր չափի գումար են հափշտակել:

Թերեւս, արդարադատության նախարարությանն ու մասնավորապես քրեակատարողական վարչությանը չի հաջողվում վերահսկել իրավիճակը եւ այնպես անել, որ կալանավորները հրաժարվեն համացանցից օգտվել կամ գոնե նոր հանցագործություններ չկատարեն:

Միեւնույն ժամանակ, կարծիք կա, որ կալանավորներն ընտանիքի եւ հարազատների հետ կապ պահելու անհրաժեշտություն ունեն: Այս պատճառով էր, որ երբ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացնում էր քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին, հայտարարեց, որ մշակվում է օրինագիծ, որպեսզի բջջային հեռախոսներից օգտվելը դառնա օրինական:

Թե ինչքանով կօգնի այս նախագիծը, ցույց կտա ժամանակը: Մինչ պատկան մարմինները որոշում են ինչ մեխանիզմ մշակել, կալանավորները շարունակում են օգտվել բջջային հեռախոսներից, սոցիալական կայքերից եւ խաբելով մարդկանց՝ խոշոր չափի գումարներ հափշտակել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ