News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր Լոս Անջելեսում տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոն-հանգանակությունը, որի նպատակն այս տարի Արցախի բազմազավակ ընտանիքների բնակարանային և այլ կարիքներն են: Այս առնչությամբ, Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան և արևելյան շրջանների տեղական մարմնները հանդես են եկել միասնական ուղերձով:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Նոյեմբերի 26-ին համայն հայությունը, անկախ քաղաքական համոզմունքներից, կրոնական պատկանելիությունից եւ սոցիալ-տնտեսական վիճակից, կրկին համախմբվում է` ի նպաստ Հայաստանի ապագայի:

Ավելի քան քառորդ դարի ընթացքում մեր հայրենակիցները հեռուստամարաթոնի միջոցով հանգանակել են շուրջ 300 միլիոն ԱՄՆ դոլար, որը ծառայել է անկախ Հայաստանի պետականության ամրացմանն ու հայրենիքում տասնյակ հազարավոր մարդկանց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված ավելի քան 1000 ծրագրի:

Այս տարվա մեր դրամահավաքը կօգնի հայ ծնողներին բարեկեցիկ պայմաններում դաստիարակել ու կրթել Հայաստանի ու Արցախի ապագա գիտնականներին, բժիշկներին, պետական գործիչներին: Ձեր առատաձեռն նվիրատվություններով տներ կկառուցենք Արցախում հինգ եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների համար, ովքեր այսօր զուրկ են կենցաղային պատշաճ պայմաններից: Արցախում 5 եւ ավելի երեխա ունեցող 466 ընտանիք կա, որոնցից 211-ը ապրում է ծանր կենցաղային պայմաններում: Բժշկական ուսումնասիրությունները պարզել են, որ բազմամարդ ու ոչ պատշաճ պայմաններում մեծացող երեխաների աճն ավելի դանդաղ է ընթանում, մեծ է նաեւ մենինգիտ, տուբերկուլյոզ, ասթմա, սրտանոթային հիվանդություններ ձեռքբերելու հավանականությունը:

Հիմնադրամի կողմից կառուցվելիք տները շահառուներին կհանձնվեն կահավորված եւ կենցաղային տեխնիկայով հագեցած: Առանձնատները կունենան շուրջ 1000 քմ տնամերձ հողակտոր:

Նախապատվություն կտրվի ցածր եկամուտ ունեցող, ինչպես նաեւ Արցախի զինված ուժերում ծառայողների, արցախյան ազատամարտի վետերանների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

Կատարե’ք նվիրատվություն եւ Ձեր ներդրումը բերեք հայրենիքի ապագային:

Շնորհավորում ենք Երախտագիտության օրվա առթիվ:

«Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի

տեղական մարմին (Armenia Fund, Inc. Los Angeles)

"Հայաստան" հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի

տեղական մարմին (Armenia Fund, USA New York)

Հիմնադրամի գործադիր վարչությունը հայտնում է, որ հայաստանաբնակները նվիրատվություն կարող են կատարել`

-SMS ուղարկելով 8000 կարճ համարին, կամ զանգահարելով 090008000 կնվիրաբերեք 500 ՀՀ դրամ` /ՎիվաՍել-ՄՏՍ, Բիլայն, Օրանժ Արմենիա, Յուքոմ, Ռոստելեկոմ//նոյեմբերի 1-ից 30-ը/,

-այցելելով Հայփոստի ցանկացած բաժանմունք /նոյեմբերի 1-ից 30-ը/

-այցելելով Հիմնադրամի գործադիր վարչություն /շուրջտարի/,

- Ձեր բանկից փոխանցում կատարելով Հիմնադրամի` ՀՀ Կենտրոնական բանկի հաշվեհամարին 103003215672 (ՀՀ դրամ), 103003615673 (ԱՄՆ դոլար)/շուրջտարի/,

- առցանց` https://donate.himnadram.org /շուրջտարի/:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ