News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հասունացել է ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու պահը։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է Արևելյան գործընկերության նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանն ունեցած իր ելույթում։

Ստորեւ ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ։

«Եվրոպական հարևանության քաղաքականությունը էական դեր է խաղացել Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության խթանման և խորացման գործում: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերված շարունակական աջակցությունը և օժանդակությունը, որը կարևոր է եղել Հայաստանում բարեփոխումների գործընթացի իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների արդյունավետ զարգացման համար:

Հայաստանը ողջունեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացը և մեծապես կարևորեց նրանում գործընկեր պետություններին ներգրավելու ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինիի և հանձնակատար Հանի նախաձեռնությունը: Մենք գոհունակությամբ ենք նշում, որ ԵՄ խորհրդի` նախորդ շաբաթվա քննարկումների արդյունքը լիովին արտացոլում էր գործընկերների նկատմամբ կիրառվելիք տարբերակման սկզբունքը` հաշվի առնելով ժողովրդավարական բարեփոխումները։

Ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել Ձեզ, Յոհաննես, և խնդրել` փոխանցելու իմ երախտագիտությունը նաև Ֆեդերիկային` ԵՀՔ վերանայման գործընթացի վերաբերյալ ձեր համատեղ նամակի համար, որը ստացել եմ մեկ շաբաթ առաջ, և հավաստիացնել, որ մենք կիսում ենք նրանում տեղ գտած գաղափարները:

Հարգելի գործընկերներ,

Մինսկում մեր վերջին հանդիպումից հետո մի շարք կարևոր զարգացումներ են արձանագրվել: Ցանկանում եմ գոհունակությամբ նշել ԵՄ խորհրդի որոշումը` լիազորելու Եվրոպական հանձնաժողովին և բարձր ներկայացուցչին` սկսելու Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Բանակցությունները կմեկնարկեն մոտ օրերս, և ես լիահույս եմ, որ ակտիվ քննարկումների գործընթացի միջոցով մենք կկարողանանք համաձայնության գալ նոր շրջանակային փաստաթղթի շուրջ, որը կարտացոլի մեր երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և կսահմանի նոր ուղենիշներ` փոխշահավետ համագործակցության համար:

Անցկացված բանակցությունների արդյունքում մենք ակնկալում ենք մոտակա օրերին համաձայնագրեր ստորագրել՝ մի շարք ԵՄ նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Հորիզոն 2020» և Փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME): Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է արտահայտել` ստորագրելու ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը՝ Բաց երկնքի քաղաքականության միջոցով ավիացիոն շուկան ազատականացնելուց հետո:

Մենք մեծ կարևորություն ենք տալիս մարդկային շփումներին և մեր քաղաքացիների ընդլայնված շարժունակությունը դիտարկում ենք որպես կարևոր նախադրյալ՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու: Արդեն երկու տարի է, ինչ իրականացվում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու և մեկնարկելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը այն ըմբռնումով, որ սա բարեփոխումներին ուղղված գործընթաց է:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի կառավարությունը հանձնառու է առաջ մղելու բարեփոխումները, որոնք նպատակաուղղված են ժողովրդավարական կառույցների, արդյունավետ կառավարման, օրենքի գերակայության և անկախ դատական համակարգի զարգացմանն ու ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այս նպատակով է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Եթե վերջինս ընդունվի դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին, ապա Հայաստանի կիսանախագահական կառավարման մոդելը կփոխարինվի խորհրդարանականով։

Համաձայն ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ «Հայաստանի Սահմանադրական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը շատ բարձր որակի է, ողջունելի է և արժանի է աջակցության»։ Այն նաև հաստատեց, որ Սահմանադրության նախագիծը համապատասխանում էր միջազգային չափանիշներին։

Հարգելի գործընկերներ,

Հայաստանը կարևորում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցությունը: Մենք կարծում ենք, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն շրջանակները` ցուցաբերելով առավել հեռատես մոտեցում:

Եվրասիական տնտեսական միությանը միանալուց ի վեր և դեռ դրանից առաջ մենք պաշտպանում էինք այն տրամաբանությունը, որը հիմնվում է տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի ընձեռած հնարավորությունների լավագույնս օգտագործելու վրա` զերծ մնալով նոր բաժանարար գծերի ստեղծումից: Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միությունում մեր անդամակցությունից և, միևնույն ժամանակ, զարգացնել փոխշահավետ հնարավոր լայն համագործակցություն Եվրոպական միության հետ:

Հարգելի գործընկերներ,

Մենք մտադրված ենք ընդլայնել մեր ջանքերը Արևելյան գործընկերության և Եվրոպական հարևանության նախաձեռնության շրջանակներում և համոզված ենք, որ կշարունակենք շարժվել ճիշտ ուղով՝ հիմնված ընդհանուր արժեքների և միմյանց որոշումների ու ընտրության հարգանքի վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Ամենաշատ