Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված, ծանր հանցագործություններ նախապատրաստվելու մեջ կասկածվող 21 անձանց կալանքի միջնորդությունների քննարկումը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ խմբի բոլոր 21 ձերբակալված անդամներին քիչ առաջ բերել են դատարան ձեռնաշղթաներով, ոստիկանների հսկողությամբ: Դատարանում նույնպես ուժեղացված հսկողություն է։ Բացի փաստաբաններից դատարան են եկել ձերբակալվածների հարազատները:
Դռնփակ դատական նիստերն անցկացնելու են մի քանի տարբեր դատավորներ: Նախատեսվում է, որ այսօր դատարանը պետք է որոշում կայացնի բոլոր 21 անձանց խափանման միջոցը որոշելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: Կասկածյալների ընդհանուր թիվը 19–ն է, երեկվանից մայրաքաղաքում, Շիրակում եւ Կոտայքում զինված հսկողություն են իրականացնում իրավապահները` ենթադրաբար մյուս կասկածյալներին գտնելու նպատակով:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: