News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստիան Դոնս Քրիստենսենը (նստավայրը՝ Կիեւ):

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնել հարաբերությունները Դանիայի Թագավորության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Հանրապետության նախագահը միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարեւորել է երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունները, միջխորհրդարանական կապերի խորացումը, ինչպես նաեւ միջազգային կառույցների շրջանակներում սերտ համագործակցությունը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Դանիայի Թագավորությանը՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին մինչ այժմ ցուցաբերված աջակցության համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը մեծապես գնահատում է ս.թ. ապրիլի 19-ին Կոպենհագենի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ աղոթքի արարողության կազմակերպման գործում Դանիայի աջակցությունը եւ կարեւորում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկրի խորհրդարանի ընդունած հայտարարությունը, որը, Նախագահի համոզմամբ, Ցեղասպանության ճանաչման գործընթացի ուղղությամբ կարեւոր քայլ է:

Դանիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ջերմ ընդունելության ու շնորհավորանքի համար եւ հավաստիացրել, որ իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում ջանք չի խնայի խորացնելու հայ-դանիական մեծ ներուժ ունեցող համագործակցությունը եւ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները: Դեսպան Քրիստենսենն ընդգծել է, որ Դանիան Հայաստանը դիտարկում է որպես լավ գործընկեր, ում հետ անհրաժեշտ է զարգացնել սերտ փոխգործակցություն:

Հանդիպմանը ՀՀ նախագահը եւ Դանիայի դեսպանն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ