News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հալաբյան 9/1 շենքի բնակիչներն այսուհետ ավելի քիչ կվճարեն բնակարանների ջեռուցման համար: Երեւանի քաղաքապետարանի եւ հիմնադրամի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրով ազդարարվել է Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 9/1 բազմաբնակարան շենքում իրականացված էներգաարդյունավետության բարձրացման եւ մուտքերի վերանորոգման աշխատանքների ավարտը: Այդ առիթով շենքի բակում կազմակերպված հանդիսությանը մասնակցել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի ղեկավար կազմի, ինչպես նաեւ  համաֆինանսավորող բանկի ներկայացուցիչներն ու  շենքի բնակիչները:

Հալաբյան 9/1 շենքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները կատարվել են Երեւանի քաղաքապետարանի 40 տոկոս համաֆինանսավորմամբ` ՀՖՀԱ հիմնադրամի կողմից իրկանացվող Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում` «Աջափնյակ -1» համատիրության գործուն աջակցությամբ: Ծրագրի արժեքի 60 տոկոս մասնաբաժինը տրամադրվել է համատիրությանը`բանկերից մեկի կողմից `4.5 տարի մարման ժամկետով եւ 14 տոկոս տոկոսադրույքով: Բնակիչները բացի ամենամսյա բնակվարձից լրացուցիչ ֆինանսական պարտավորություն չեն կրելու: Ծրագիրը նպատակ ունի բարելավել բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաեւ նպաստել համատիրությունների աշխատանքի արդյունավետությանը: Ըստ այդմ, 132 բնակարանանոց շենքում նորերով են փոխարինվել շքամուտքի դուռը, հարկաբաժիններում տեղադրվել են մետաղապլաստե նոր պատուհաններ, շուրջ 200 քմ ծավալով ջերմամեկուսացվել է շենքի կոնսոլային մասը, նորոգվել է վերելակի մալուխային համակարգը, կողային հատվածները, հարկերում տեղադրվել են սենսորային լույսեր: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աջակցությամբ էլ փոխարինվել են սնուցող բոլոր համակարգերը, վահանակներն ու մալուխագծերը: Բնակիչները շնորհակալություն են հայտնել ծրագրի մասնակից կողմերին եւ պարտավորվել հետեւել, որպեսզի շենքում կյանքի կոչված էներգախնայողության բարձրացման ծրագիրը երկար տարիներ ծառայի նպատակին: Երեւանի քաղաքապետարանը «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի հետ ծրագրեր է կյանքի կոչել թվով 12 բազմաբնակարան շենքերում, որոնցից 6-ում՝ էներգաարդյունավետության բարձրացման, եւս վեցում՝ ընդհանուր տարածքների բարեկարգման ուղղություններով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ