News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրականում Թուրքիան հիմա դժվար թե միջամտի ղարաբաղյան հակամարտությանը ու այնտեղ պատերազմ բորբոքի, քանի որ այդ դեպքում Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանը կբռնկվի: Չկարգավորված սիրիական հակամարտության պայմաններում երկրորդ ճակատ բացելը նույնիսկ Թուրքիային պետք չէ: Այս մասին «Վզգլյադ» թերթին տված հարցազրույցում հայտնել է «ԿՈՒԲ» վերլուծական կենտրոնի փորձագետ Նադանա Ֆրիդրիխսոնը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Անկարան կանի հնարավոր ամեն ինչ՝ «Ադրբեջանի գրավյալ տարածքները ազատագրելու համար»:

Նրա խոսքով, նմանատիպ հայտարարություններով Թուրքիան կրակի մեջ յուղ է լցնում: Բայց Ադրբեջանում պետք է «սթափ վերաբերվեն նման հայտարարությանը», կարծում է քաղաքագետը: Չկարգավորված սիրիական հակամարտության պայմաններում երկրորդ ճակատ բացել նույնիսկ Թուրքիային պետք չէ: «Դրա համար էլ Ադրբեջանը այս խոստումից հետո ինքնամոռաց չի նետվի Թուրքիայի գիրկը: Հակառակը՝ հնարավոր է, որ կփորձի ղարաբաղյան օրակարգում մի միջոց գտնել, որպեսզի Մոսկվան ու Անկարան համատեղ խնդիր հայտնաբերեն: Հակամարտությունը մոռանալու համար երբեմն համատեղ խնդիր է պետք, որը պետք է միասին լուծեն, ու դա օգնում է բանակցային գործընթացին»: Միանգամայն հնարավոր է, համարում է քաղաքագետը, որ Ալիեւը կարող է անդրադառնալ ղարաբաղյան օրակարգին կամ այն փաստին, որ «Իսլամական պետությունը» ներխուժում է նաեւ Հարավային Կովկաս ու ինչ- որ ձեւով համոզել կողմերին հրաժարվել սադրիչ հռետորաբանությունից:

Մեկնաբանելով Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունների կարգավորման գործում հնարավոր միջնորդության մասին Ադրբեջանի առաջարկը, Ֆրիդրիխսոնը նկատեց, որ վերջերս Ադրբեջանը ձգտում է ճկուն արտաքին քաղաքականություն վարել: Վերջին անգամ ադրբեջանական իշխանությունները այդ ճկունությունը դրսեւորել են անցած տարվա ղրիմյան հանրաքվեից հետո, հիշեցնում է զրուցակիցը: Այդ ժամանակ Բաքուն «շատ զգուշորեն անցավ այս սուր սայրով, չճկեց փայտը, իրեն միջնորդ չառաջարկեց այդ նույն Ղրիմի թաթարների հարցում, այլ պարզապես շրջանցեց այդ հարցը»: «Իլհամ Ալիեւը գիտի Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների ներքին խոհանոցը: Ադրբեջանը, ըստ էության, վաղուց է երկու դաշնակիցների մեջտեղում ու միշտ իր քաղաքականությունը վարելիս նկատի է ունենում թե Ռուսաստանին ու Թուրքիային: Եթե Ալիեւին հաջողվի մեկ սեղանի շուրջ նստեցնել Պուտինին ու Էրդողանին, ապա նա կկարողանա ներկայացնել մի քանի գործոն, որոնք մատչելի ձեւով նրանց կբացատրեն, թե ինչու տվյալ փուլում ավելի լավ է հրաժարվել այս հռետորաբանությունից »,- ենթադրում է Ֆրիդրիխսոնը:

Նրա կարծիքով Ալիեւը հասկանում է, որ կողմերը պատրաստ չեն հակամարտությունը փոխադրել դիմակայության սուր փուլ ու դրա համար էլ «փորձում է իր թեկնածությունն առաջարկել միջնորդի դերում, ինչը առաջ հաջողությամբ Ղազախստանն էր անում»: «Սուր անկյունները հարթելու մտադրություն կա թե Մոկսվայում, թե Անկարայում, բայց դա պետք է շատ զգուշորեն անել, ու Ադրբեջանը կարող է ինչ -որ տարբերակներ առաջարկել ... Իհարկե Ալիեւը ուզում է ներկայանալ որպես Հարավային Կովկասի խաղաղաստեղծ: Ալլիեւի համար սա կարեւոր է ղարաբաղյան խնդրի համատեքստում»,- կարծում է փորձագետը:

Բացի դրանից, հավելում է Ֆրիդրիխսոնը, հիմա Ադրբեջանի առաջնորդի համար կարեւոր է բարձրացնել իր հեղինակությունը միջազգային ասպարեզում: Փորձագետի խոսքով, Ադրբեջանը վատ վիճակում է ոչ միայն Ռուսաստանի ու Թուրքիայի վեճի, այլեւ երերուն տնտեսության, նավթի նվազող գների, անկայուն քաղաքական իրավիճակի ու երկրի տարածքում «Իսլամական պետության» ակտիվության պատճառով: «Որպես պետություն Ադրբեջանի վիճակը բավականին երերուն է: Եթե երկիրը միջնորդ հանդես գա Մոսկվայի ու Անկարայի միջեւ, ինչը ձեռնտու է բոլոր համաշխարհային դերակատարներին, ապա Իլհամ Ալիեւի դիրքը կամրապնդվի, ու Ադրբեջանը, ի պատասխան,  կարող հույս ունենալ, որ ինչ –ինչ երաշխիքներ կստանա Ռուսաստանի ու եվրոպական երկրների կողմից»,- ասել է Ֆրիդրիխսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ