News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նոր Սահամանդրությանը դեմ արտահայտվող ուժերը դեմ լինելու ոչ մի հիմնավոր պատճառ չեն ներկայացնում, միայն ասում են, որ պետք է «ոչ» ասել դրան, քանի որ նախաձեռնողը իշխող «Հանրապետական» կուսակցությունն է: Այս մասին այսօր` նոյեմբերի 29-ին, Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, որը «Այո» ճակատից է:

«Փորձ է արվում հանրաքվեն ներկայացնել որպես կռիվ իշխանության եւ ընդդիմության միջեւ, մինչդեռ դա նման կռիվ չի: Դուք ոչ թե իշխանությանն եք ընտրելու, կամ ընդդիմությանը, այլ որոշելու եք` երկրի կառավարման համակարգն ուզում եք փոխել, թե ոչ, երկրի հիմնական օրենքի հիմնական դրույթներն ուզում եք փոխել, թե ոչ»,- նշել է Մարգարիտ Եսայանը:

Պատգամավորի խոսքով` նոր Սահմանադրության նախագծում տեղ են գտել ոչ միայն իշխող կուսակցության, այլեւ մյուսների առաջարկները, որոնք այժմ, չգիտես ինչու, նույնպես դեմ են արտահայտվում փոփոխություններին: Նա նշեց, որ նոր Սահամանադրությամբ երկրում բազմակուսակցություն է հաստատվելու ու բոլոր կուսակցությունները հնարավորություն են ունենալու մասնակցել երկրի կառավարման գործընթացին:

Ի տարբերություն Մարգարիտ Եսայանի, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանի կարծիքով` սահամանադրական փոփոխությունների նպատակն է, որ իշխող «Հանրապետական» կուսակցությունը շարունակի առաջիկա մի քանի տարիներին եւս ղեկավարել երկիրը:

«Գնալու եք «այո» ասեք ու հնարավորություն ընձեռեք ՀՀԿ-ին իշխանավարել եւս 5, 7, 10 տարի: Եթե ասեք «ոչ», ձեր վերաբերմունքն եք ցույց տալու «Հանրապետականի» վարած քաղաքականությանը»,- նշեց նա:

Նշենք, որ «Հյուսիս» ուղղության այո-ի մասնակիցներն են՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: Իսկ ոչ-ի ճակատից  են «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, Պետրոս Մակեյանը եւ Վարդան Խաչատրյանը, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր Սահմանադրությամբ նախատեսված է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի:

Տպել
Ամենաշատ