News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2015 թվականի հունվար-օգոստոսին աշխարհում պնղձի արդյունաբերական օգտագործումը կրճատվել է շուրջ 2%-ով կամ 295 հազար տոննայով: Այս մասին ասված է Պղնձի ուսումնասիրության միջազգային խմբի (ICSG) զեկույցում: 2015 թվականի առաջին 8 ամիսներին շուկայում ոչ մեծ ավելցուկ է առաջացել՝ շուրջ 100 հազար տոննա: Նշենք, որ 2014 թվականի նույն ժամանակահատվածում շուկայում 430 հազար տոննայի դեֆիցիտ կար (համեմատության համար նշենք, որ 2014 թվականին համաշխարհային սպառումը կազմել է շուրջ 23 մլն տոննա):

ICSG-ի գնահատմամբ, հանքանյութի արդյունահանումն աճել է շուրջ 3%-ով կամ 350 հազար դոլարով, խտանյութինը՝ 3.5%-ով: Արդյունահանման աճը հիմնականում ապահովվել է Ինդոնեզիայի եւ Պերուի խոշոր հանքերում ծավալների վերականգնմամբ (64 եւ 13% համապատասխանաբար): Չինաստանում այն կրճատվել է 3%-ով:

Միաժամանակ, Չինաստանում մաքուր պղնձի արտադրությունն աճել է 4%-ով, իսկ աշխարհում, ընդհանուր առմամբ, 1.6%-ով: Սակայն Չիլիում եւ Ճապոնիայում արտադրությունը կրճատվել է 3 եւ 2%-ով, իսկ ԱՄՆ-ում՝ 7%-ով:

Չնայած արդյունաբերությունն ավելի քիչ պղինձ է օգտագործել, աճել են նաեւ պահեստավորման ծավալները: 2015 թվականի 10 ամիսներին մետաղների երեք խոշորագույն բորսաներում (LME, COMEX, SHFE) պահուստավորած պղնձի ծավալներն աճել են 62%-ով կամ 496.6 հազար տոննայով:

Ըստ Reuters-ի, Չինաստանի մաքսային պահեստներում պղնձի պաշարները նվազել են: Սակայն, փորձագետների գնահատմամբ, ձեռնարկություններն այն գնում են ոչ թե արտադրության, այլ պահուստավորման նպատակով:

Նշենք, որ Չինաստանն աշխարհի խոշորագույն պղինձ սպառողն է (շուրջ 45%) եւ Հայաստանից պղնձի խտանյութի խոշորագույն գնորդը (2014 թվականի տվյալներով՝ 58%):

Մետաղների Լոնդոնյան բորսայում (LME) պղնձի 1 տոննայի միջին գինը կազմել է 5.222 դոլար՝ որոշակիորեն թանկանալով սեպտեմբերի համեմատ (5.208 դոլար) եւ զգալիորեն՝ օգոստոսի վերջի համեմատ (4.888 դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ