Երեւանի Ազատության հրապարակից Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը եւ Սմբատ Բարսեղյանը այսօր՝ դեկտեմբերի 1-ին անցկացվող հանրահավաքից առաջ բերման են ենթարկվել հավաքների ազատության մասին օրենքը խախտելու կասկածանքով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Ոստիկանությունից հայտնեցին, որ բերման ենթարկվածները դեռ ոստիկանությունում են, նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին ասել է, որ Գեւորգ Սաֆարյանի վրա կասկածելի իր է եղել, ոստիկանները խնդրել են հանել եւ ցույց տալ իրենց, Սաֆարյանը հրաժարվել է, ինչի պատճառով նրան բերման են ենթարկել: Ոստիկանությունից հայտնեցին, որ Գեւորգ Սաֆարյանի մոտից դեռ ոչինչ չեն գտել:
«Ընդդիմության» միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ Սաֆարյանին բերման են ենթարկել, քանի որ նա թույլ չի տվել, որ ոստիկանները խուզարկեն իրեն: Նրա խոսքով՝ ոստիկանները խուզարկում են բոլոր հրապարակ մտնողներին, խուզարկել են նաեւ իրեն:
Նշենք, որ որը ըստ կազմակերպիչների՝ այսօր տրվելու է համապետական շուրջօրյա հանրահավաքների սկիզբը, եւ նրանք չեն հեռանալու, մինչեւ չհասնեն իշխանափոխության: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիներին կոչ է արել իրենց հետ վրաններ բերել հանրահավաքին, թեեւ քաղաքապետարանը մերժել էր Ազատության հրապարակում վրան տեղադրելու թույլտվության՝ «Նոր Հայաստանի» դիմումը: