News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հովհաննես Շարամբերյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում մինչեւ դեկտեմբերի 17-ը արվեստասերները հնարավորություն ունեն ծանոթանալու երիտասարդ քանդակագործ և նկարիչ Արման Համբարձումյանի աշխատանքներին։  Տեղական ու միջազգային մրցույթների դափնեկիր Արմանի քանդակներն առաջին անգամ են ցուցադրվում հայրենիքում՝ «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնի հետ համագործակցությամբ:

«Ցուցահանդեսի միտքը հղացավ նրանից, որ մենք մեզ ցույց տանք ուժեղ կողմերով, ցույց տանք, որ ապրում  ու ստեղծագործում ենք: Մեր ազգի  ամենաուժեղ կողմը հենց հիմա մեր մշակույթն է: Կան թուրք գործիչներ, որ խոնարհումով են մոտեցել իմ արածին, իսկ դա արդեն հաղթանակ է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արման Համբարձումյանը:

«Առասպելներ» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են տարբեր առասպելների կերպարներ՝ բրոնզից, կավից, պղնձից, եղջյուրներից, անգամ ջայլամի ձվից պատրաստված քանդակների տեսքով: Կերպարներից որոշներին էլ Արմանն ինքն է հորինել:

«Օրինակ՝ քանդակներից մեկը վաղ մանկություն է կոչվում՝ այսինքն մանկությունը սկսում է դեռ սաղմնային վիճակից: Այդ քանդակի գաղափարը եկավ նրանից, որ պատմության դասի ժամանակ ասացին՝ Պապ թագավորին թունավորել են, հասկացա, որ ես այդ ինֆորմացիան գիտեմ, բայց չգիտեի՝ որտեղից: Հետո մամաս պատմեց, որ երբ սաղմնային վիճակում եմ եղել, ինքը գիրք է կարդացել իմ համար Պապ թագավորի մասին, ու ենթագիտակցորեն ինձ ինֆորմացիա է հաղորդել»,- ասաց Արմանը՝ նշելով, որ փորձում է իր ստեղծագործությունների մեջ դինամիկա, փիլիսոփայություն ու հումոր ներդնել:

Արմանն ասում է, որ աշխարհում միակն է, որ կավից ու բրոնզից միաձույլ քանդակներ է պատրաստել: Նա ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում, Հայաստանը ներկայացրել տարբեր  միջազգային մրցույթներում ու մրցանակային տեղեր գրավել:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ