News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 22-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։

Միջոցառմանը ներկա էին ՄԳԻՄՕ-ի ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը, ԲՈւՀ-ի դասախոսներ, շրջանավարտներ եւ ուսանողներ։

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Խորհրդանշական է, որ երկու ամիս առաջ Երեւանում կայացած ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումն անցավ հենց Լազարյան ճեմարանի 200-ամյակի խորագրի ներքո ու դրան նվիրված մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել, որոնցից էին՝ միջազգային ֆորումի թեմատիկ նիստերից մեկը, հոբելյանին նվիրված գրքերի շնորհանդեսը, հատուկ այդ կապակցությամբ թողարկած նամականիշի մարումը, լուսանկարչական ցուցահանդեսը։ Հենց այդ ժամանակ էլ միտք ծագեց այդ ցուցահանդեսը ներկայացնել նաեւ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, եւ ուրախ եմ, որ այսօր այն կյանքի է կոչվում։

Ինձ համար՝ որպես արաբագետի, արեւելագետի, ՄԳԻՄՕ-ի շրջանավարտի, Հայաստանի արտգործնախարարի, մեծ պատիվ է ձեզ հետ միասին ներկա գտնվելու այս ցուցահանդեսի բացմանը։ Լազարյան ճեմարանի պատմությունը Հայաստանի եւ Ռուսաստանի պատմության վառ էջերից է։ Այն Մոսկվայի արեւելագիտական դպրոցի եւ ՄԳԻՄՕ-ի պատմության կարեւորագույն էջերից է։

Ըստ էության, Ռուսաստանում Լազարյան ճեմարանը հանդիսացել է դիվանագետների պատրաստման առաջին մասնագիտացված կրթօջախը եւ միաժամանակ դարձել է հայկական մշակույթի կարեւոր կենտրոն։ Այստեղ են ուսանել բազմաթիվ ականավոր գործիչներ, հայ, ռուս, այլ ժողովուրդների ներկայացուցիչներ։ Լազարյան ճեմարանի հետ առնչվել են այնպիսի մեծեր, ինչպիսիք են՝ Պուշկինը, Լերմոնտովը, Գրիբոեւդովը, Այվազովսկին, Տուրգենեւը եւ շատ այլոք։ Լազարյան ճեմարանի առաքելությունը միգուցե լավագույն ձեւով ներկայացրել է հայտնի ռուս պատմաբան Սերգեյ Գլինկան, բնութագրելով այն որպես հոգիների եւ մտքի մերձեցման օջախ»։

ՄԳԻՄՕ-ի ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովն իր խոսքում անդրադարձավ Լազարայանի հարուստ գիտական եւ գրական ժառանգությանը՝ նշելով.

«Ճեմարանում ստեղծվել էր մի յուրահատուկ գրադարան, որտեղ հավաքված էին հազվագյուտ հրատարակության հազարավոր հատորներ, եզակի ձեռագրեր, որոնց մի փոքր մասն է միայն պահպանվել ՄԳԻՄՕ-ի գրադարանում։ Այդուհանդերձ, Լազարյան ճեմարանի գրական ժառանգությունը համարվում է մեր համալսարանի գրադարանի զարդը։ Լազարյան ճեմարանի շնորհիվ մեզ են հասել անգամ XIII դարի ձեռագրեր»։

Այնուհետեւ Էդվարդ Նալբանդյանը շրջայց կատարեց ցուցահանդեսում, ծանոթացավ ՄԳԻՄՕ-ի գրադարանի հազվագյուտ գրքի մասնաբաժնում պահպանվող Լազարյանների գրադարանի ցուցադրությանը։

Ցուցադրվող նմուշների մեջ ներկայացված են լուսանկարներ Լազարյանների ընտանիքի, նրանց ծավալած գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ` Լազարյան ճեմարանի հիմնադրմանը, կառավարմանն առնչվող փաստաթղթեր։

Ցուցանմուշներում առանձնահատուկ տեղ են գրավում Լազարյան ճեմարանի շինության մասին տեղեկությունները, առկա են Ճեմարանի կողմից հրատարակված աշխատությունների եզակի նմուշներ, ուսանողների, շրջանավարտների եւ դասախոսների լուսանկարները, նրանց շնորհած պատվոգրերը եւ մեդալները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ