News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ներկայումս Հայաստանի տնտեսության մեջ խոշոր հնդկական ներդրումներ չեն արվում։  NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն արձանագրել է Երեւանի հետ երկխոսության բարձր մակարդակը եւ ափսոսանք է հայտնել հնդկական խոշոր ներդրումների դադարեցման կապակցությամբ, ինչպես նաեւ պատմել է Հնդկաստանի ամանորյա ավանդույթների մասին։

2015թ. ի՞նչ նվաճումներ են գրանցել Հայաստանն ու Հնդկաստանը։

Ըստ իս, 2015թ. բավական հաջող տարի էր։ Մենք ամրացրել ենք կապերը Հայաստանի հետ։ Ես մեր քաղաքական հարաբերությունները կբնութագրեի որպես հիանալի։ Չկա որեւէ հարց, որի շուրջ մենք տարաձայնություններ ունենայինք, քանի որ երկու երկրների միջեւ լավ փոխհարաբերություններ են ու կայուն երկխոսություն։

Անցյալ տարի մենք չենք ունեցել բարձր մակարդակով բազմաթիվ հանդիպումներ։ Սակայն մենք աշխատում ենք Հայաստանից Հնդկաստան եւ Հնդկաստանից Հայաստան այցեր կազմակերպելու կոնկրետ առաջարկների շուրջ։

Առաջարկ կա կազմակերպել Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի այցելությունը Հնդկաստան։ Մենք գյուղատնտեսության ոլորտում համաձայնություն ենք կնքել, որը պետք է ստորագրվի։ Այդ նպատակով նախարարը պետք է մեկնի Հնդկաստան կամ մեր նախարարը կայցելի Հայաստան։

Կրթության ոլորտում մենք բանակցություններ ենք վարել երկու երկկողմ փաստաթղթերի՝ «Կրթության ոլորտում փոխանակման ծրագրի եւ «Դիպլոմների ու գիտական աստիճանների երկկողմ ճանաչման մասին համաձայնագրի» շուրջ։ Այդ փաստաթղթերը նույնպես հնարավորինս շուտ պետք է ստորագրվեն։ Այդ նպատակով մենք աշխատում ենք կազմակերպել ձեր վարչապետի այցը Հնդկաստան։ Ես չեմ կարող ասել, թե երբ դա տեղի կունենա, սակայն այցը դրված է օրակարգում։ Առաջարկ կա նաեւ կազմակերպել մեր մշակույթի եւ զբոսաշրջության նախարարի այցը Հայաստան։ Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա 2016թ.

Մշակութային համագործակցության առումով ես պետք է առանձնացնեմ Յոգայի միջազգային օրը, որն  առաջին անգամ նշվեց Հայաստանում 2015թ. հունիսի 21-ին։ Հայաստանը նաեւ պաշտպանեց հունիսի 21-ը Յոգայի միջազգային օր ճանաչելու ՄԱԿ ԳԱ որոշումը։ Այդ պատճառով Հայաստանում նույնպես նշվեց այդ օրը։ Մենք շատ հաջող միջոցառում ունեցանք։

Պետք է նաեւ նշեմ, որ 2015թ. Հնդկաստանի հարավի բիզնես պատվիրակության 15 անդամ այցելեց Հայաստան։ Նրանք շատ հաջող հանդիպումներ ունեցան։

Ինչպե՞ս կարող է Հայաստանն ավելի գրավիչ լինել հնդիկ ներդրողների համար։

Հայաստանն իր համեմատաբար փոքր տնտեսությամբ եւ փոքրաքանակ բնակչությամբ բիզնեսի  համար լավ տարբերակ է։ Չնայած սահմանափակ ներուժին՝ Հայաստանը գյուղատնտեսության եւ մետաղի ու հանքանյութերի աղբյուրների առումով լավ հեռանկարներ ունի։ Հայաստանը զարգացող երկիր է, որը հնարավորություններ է ներկայացնում ներդրումների համար։ Որոշ հնդկական ընկերություններ նախկինում ներդրումներ են կատարել Հայաստանում։ Սակայն հետո այդ գործընթացը կանգ առավ։ Ներկայումս ես պետք է խոստովանեմ, որ Հայաստանի տնտեսության մեջ խոշոր հնդկական ներդրումներ չեն արվում։ Ինչու՞։ Ես չգիտեմ։ Բիզնեսմեններն ավելի լավ կիմանան։ Հնարավոր է հարկերն են պատճառը, հնարավոր է այլ բան։

Ինչպե՞ս են Հնդկաստանում տոնում Նոր տարին։

Հնդկաստանը բոլոր համաշխարհային կրոնների երկիրն է։ Այն մեծ է, եւ յուրաքանչյուր շրջան իր Նոր տարին ունի։ Այդուհանդերձ քանի որ մենք գլոբալ աշխարհի մի մասնիկն ենք, որը Նոր տարին նշում է հունվարի 1-ին, Հնդկաստանը նույնպես այդպես է տոնում։  Սակայն միաժամանակ յուրաքանչյուր շրջան իր Նոր տարին տոնում է տարբեր ժամանակ՝ հունվարին կամ մարտին։

Կա՞ն ինչ-որ հատուկ հնդկական ավանդույթներ, որոնցով նշվում են ամանորյա տոները։

Հնդկաստանի որոշ նահանգներում, ինչպես օրինակ իմ հայրենի նահանգում, Նոր տարին կապված է բերքի հետ։ Հենց որ բերքը տուն են բերում, վրա է հասնում Նոր տարին։

Կա՞ ուտեստ, որը բնորոշ է միայն Ձեր երկրին։

Մեր խոհանոցը շատ բազմազան է։ Եթե լավաշը հայկական հացի խորհրդանիշն է, մենք նման խորհրդանիշ չունենք։ Որոշ շրջաններում նման խորհրդանիշ է համարվում բրինձը, մյուսներում՝ «չափաթի» կոչվող հացը (լոշիկ)։

Տոնածառ զարդարու՞մ եք։

Հնդկաստանում մեծ քրիստոնեական համայնք է ապրում։ Նրանք Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, տոնածառ են դնում, զարդարում այն։ Կան մարդիկ, որոնք քրիստոնյա չեն, բայց նրանք նույնպես տոնածառ են դնում։  Դրանով նրանք իրենց համերաշխությունն են հայտնում քրիստոնյաներին։ Նրանք քրիստոնյաներին հյուր են գնում, շնորհավորում են նրանց։ Քրիստոնյաները հատուկ Սուրբ Ծննդյան տորթ են թխում եւ հյուրասիրում իրենց հնդիկ ու մուսուլման ընկերներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ