News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը եւ օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթը այսօրվանից՝ հունվարի 11-ից ուժի մեջ են մտել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարը մանրամասնել է, թե ինչ փոփոխություններ են արվում նոր օրենքով.

«1. Նոր իրավակարգավորումը հնարավորություն է ստեղծում ամենաշատ տարածումն ունեցող մի շարք իրավախախտումների համար, /ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը, խաչմերուկների անցման կանոնները խախտելը, երթեւեկությունն սկսելու կամ մանեւր կատարելու, վարորդների կողմից կանգառ կատարելու կամ կայանելու կանոնները խախտելը եւ այլն,/ կիրառել ոչ թե տուգանք այլ՝ նախազգուշացում:

2. Այսուհետ՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի եւ (կամ) կայանման կանոնների խախտում չի համարվում, երբ կանգառը կատարվել է միայն ուղեւորների նստելու կամ իջնելու նպատակով եւ այն չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը:

3. Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցը վարելու դեպքում, ինչպես նաեւ մգեցված ապակիներով երթեւեկելու համար սահմանվել է խրախուսական նորմ, որով անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում անձն ազատվում է այն կատարելու պարտականությունից, եթե իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) է ներկայացնում վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթ կամ տեղում կամ 24 ժամվա ընթացքում վերացնում է խախտման հատկանիշները:

4. Խստացվել են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված տուգանքները:

5. այսպես կոչված «համաներումը»՝

ա) 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվարի 9-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը 2016 թվականի հունվարի 11-ից հետո ՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասից եւ կատարողական ծախսերից, այսինքն՝ վճարվում է միայն տուգանքի մայր գումարը:

բ) 2015 թվականի հունվարի 9-ից մինչեւ 2016 թվականի հունվարի 11-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը 2016թվականի հունվարի 11-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետեւանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից: Նկատի ունենալով, որ նշված ժամանակահատվածում կայացված ակտերի զգալի մասը ուղարկված չեն հարկադիր կատարման՝ կատարողական գործողությունների կատարման համար սահմանված ծախսերի վճարելու պարտականություն չի առաջանում, սակայն եթե ակտը ուղարկված է հարկադիր կատարման, այս պարագայում կվճարվի տուգանքի մայր գումարը եւ կատարողական ծախսերը՝ առանց ավելացված մասին»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ