News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում հունվարի 2-ին հղիության 26-րդ շաբաթում մահացած 20-ամյա Գրետա Տոնոյանի հարազատները հիվանդանոցից պահանջում են իրենց տալ նախքան Գրետայի մահանալը կեսարյան հատումով հեռացված նրա պտղին՝  նրան Գրետայի կողքին հուղարկավորելու համար:

«6 ու կես ամսական է եղել երեխան, մենք նրա մարմինն ենք ուզում: Չեն տալիս, ասում են՝ 600 գրամ է եղել երեխան, օրենքը թույլ չի տալիս հանձնելու հարազատներին, այնինչ մեզ սկզբում էլ ասում էին, թե 800 գրամ ա: Երեխես իմ երազին գալիս, ասում ա՝ մամա, բա ո՞ւր ա իմ երեխան, ես միշտ լսում եմ էդ նախադասությունը»,- NEWS.am-ին ասաց Գրետայի մայրը՝ Արմինե Տոնոյանը:

Գրետայի մայրը նշեց, որ իրենք բողոք չեն ներկայացրել ոստիկանություն միայն այն պատճառով, որ արտաշիրիմում չանցկացվի: 

«Ես համոզված եմ՝ երեխուս գլուխը կերան իրանք: Ամսի 25-ին տարանք, ասեցին՝ բան չկա, վարակ ա, թեթեւ գրիպ ա, կանցնի, կգնաս: 26-ին կանչեցի, ասեցի՝ երեխան ջերմում ա, ասեցին՝ խի՞ ես անհանգստանում: 27-ին նայեցին, ասեցին՝ թոքի կոշտացում կա, թոքաբորբ ա, անտիբիոտիկ նշանակվեց երեխուն, որ պետք է դեպի լավին գնար: Բժշկուհին նույնիսկ ասեց՝ կուղարկենք տուն Ամանորին, հետո էլի կգաս: 28-ին կոկորդից արյան հետք եկավ, նոր էդ ժամանակ ասեցին՝ գնացեք թող հիվանդանոցում թոքերը ստուգեն: Ես ինքս տաքսի վարձեցի, երեխուն տարանք թոքաբանի մոտ, ասեց՝ թոքաբորբ ա: Հետո դեղեր նշկանակեց, էդ դեղերն էլ էին տալիս: Մինչեւ որ ամսի 29-ին հանեցին վերակենդանցում»,- պատմեց մայրը՝  նշելով, որ հունվարի 30-ին` նախքան այն պահը, երբ Գրետայի վիճակը վատացել է ու նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոնի վերաենդանացման բաժանմունք, ինքը խոսել է դստեր հետ, որն ասել է, որ լավ է:

Տիկին Արմինեն նշեց, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի դեմ նա բողոք չունի, ասում է՝ ռենտգեն հետազոտությունը եւ բուժումը ուշացրել են ծննդատանը, իսկ բժշկական կենտրոն Գրետան տեղափոխվել է ծայրահեղ վիճակում եւ բժիշկներն ամեն բան արել են, որ փրկեն նրա կյանքը:

«Կոմայի մեջ իմ երեխուն տեղեփոխեցին, ընդունող բժիշկը կոմայից դուրս բերեց: Բժշկն ասեց՝ կարող է՝ անտիբիոտիկներից ա, կարող ա՝ թունավոր հղիություն ա»,- ասաց նա:

Նշենք, որ «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների խոսքով՝ Գրետայի մոտ վիրուսային թոքաբորբ է եղել, այն զարգացել է կայծակնային:

Գրետա Տոնոյանը մահացել է հունվարի 2-ին: Նա առաջնեկին էր սպասում: Ապրում էր Արմավիրի մարզի Գայ գյուղում:

Լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Տպել
Ամենաշատ