News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Օբաման ծրագրում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրներում զգալիորեն ավելացնել ծանր սպառազինությունների, զրահամեքենաների եւ ռազմական այլ տեխնիկայի քանակությունը, եւ այդ քայլը, վարչակազմի պաշտոնյաների խոսքով, ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի հետագա ագրեսիան կանխելուն: Այս մասին գրել է The New York Times-ը:

Սպիտակ տունը մտադիր է վճարել լրացուցիչ սպառազինությունների եւ տեխնիկայի համար՝ 2017 թվականին Եվրոպայում ռազմական կարիքների համար բյուջեից ավելի քան 3.4 մլրդ դոլար հատկացնելով: «Սպառազինություններն ու տեխնիկան կօգտագործեն ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերը, ինչը երաշխիք կհանդիսանա, որ դաշինքը կկարողանա մշտական հիմունքով տարածաշրջանում ամբողջական զինված ջոկատ պահել»,- նշել են հոդվածի հեղինակներ Մարկ Լենդլերը եւ Հելեն Կուպերը:

Ըստ Inopressa.ru-ի, չնայած Արեւելյան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ակտիվությունը վերջին ամիսներին ավարտվել է, Մոսկվան շարունակում է այնտեղ պահպանել ներկայությունը՝ աշխատելով տեղի ռուսամետ ուժերի հետ: Վարչակազմի ներկայացուցիչների խոսքով, ՆԱՏՕ-ի լրացուցիչ ուժերը պետք է ազդանշան ուղարկեն նախագահ Պուտինին, որ Արեւմուտքը նախկինի պես խորը կասկածներ ունի տարածաշրջանում նրա շարժառիթների առնչությամբ:

Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ՆԱՏՕ-ի այս քայլն անվանել է «ռազմավարական պատասխան Եվրոպայում անվտանգության փոխված պայմաններին», որն արտացոլում է «նոր իրավիճակը, որում Ռուսաստանն ավելի բարդ խաղացող է դարձել»:

«Եթե ցանկանում եք հանգստացնել Եվրոպայում մեր դաշնակիցներին, ապա հարկավոր է ցույց տալ, որ ապագայի ծրագիր ունեք»,- նշել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (Վաշինգտոն) վերլուծաբան Թոդ Հարիսոնը:

Ռուսաստանը զգալի ռազմական ներդրումներ է կատարել՝ խորհրդային տիպի բանակը վերածելով ավելի թեթեւ եւ ճկուն ուժի, որն ունակ է արագ ներխուժումներ իրականացնել: Ամերիկյան պաշտոնյաները հայտարարել են, որ Ռուսաստանի սահմանների դուրս Մոսկվայի ազդեցությունն ընդլայնելու համար ռազմական ուժ կիրառելու՝ Պուտինի պատրաստակամությանը զուգահեռ, անհրաժեշտ է դարձել ավելի ուժեղ զսպման ուժի ստեղծումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ