Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը չորրորդ տեղն է զբաղեցրել մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում` գրավելով Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի տեղը, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Bloomberg-ին:
Facebook ընկերության ֆինանսական հաշվետվության հրապարակումից եւ նրա բաժնետոմսերի աճից հետո Ցուկերբերգը միանգամից երկու տողով բարձրացել է հարուստների ցուցակում:
Այժմ գործարարի կարողությունը գնահատվում է 50 մլրդ դոլար:
Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը տարվա սկզբից մոտ 10 մլրդ դոլար էր կորցրել, իր տեղը զիջել է Ցուկերբերգին: Բեզոսի ներկայիս կարողությունը գնահատվում է 49,1 մլրդ դոլար: Ինչպես նախկինում, առաջատարների եռյակում են Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը, մանրածախ վաճառքով զբաղվող իսպանական Inditex-ի ղեկավար Ամանսիո Օրտեգան եւ ամերիկացի ձեռնարկատեր եւ ներդրող Ուորեն Բաֆետը: