News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Պորտսմուտի համալսարանի գիտնականները պարզել են, որ չնայած իր թանձրամորթությանը եւ հսկայական չափերին, փիղը մոլորակի ամենակարեկցող եւ հոգատար կենդանին է: 

Հետազոտությունը, որի հիմնական նպատակն էր ի հայտ բերել այն կենդանիներին, որոնք ի վիճակի են հասկանալ ուրիշի ցավը եւ ապրումնակցել նրան, կառուցված էր  կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների բազմամյա դիտարկումների վրա: Դիտարկման ընթացքում կենդանիների վրա հատուկ տվիչներ էին ամրացնում, որոնց շնորհիվ մասնագետները կարող էին հետեւել նրանց պահվածքին եւ հույզերի դրսեւորմանը: 

Ստացված տվյալները մանրամասնորեն վերլուծելով` հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ կենդանական աշխարհի ամենակարեկցող ներկայացուցիչը  ասիական փիղն է, որն իր կնճիթով   սփոփում է ցեղակիցներին, տեղեկացնում է    Informing-ը:

Կարեկցանքի եւ ապրումնակցման աստիճանով երկրորդ տեղում շներն են: Գիտնականներն ընդգծում են, որ այդ կենդանիներն իզուր չեն անվանվել մարդու բարեկամներ. չէ՞ որ նրանք ավելի, քան ուրիշ մեկը, ի վիճակի են կռահել իրենց տիրոջ հույզերը, կարեկցանք եւ ըմբռնում դրսեւորել: 

Երրորդ տեղում, որքան էլ տարօրինակ լինի, գորիլլաներն են, որոնք ի վիճակի են համբերություն եւ կարեկցանք դրսեւորել, ընդ որում` ոչ միայն եղբայրակիցների հանդեպ: Հետազոտողներին հաջողվել է հետեւել, թե նրանք ինչպես են տառապում խաղալիքի, տիկնիկի համար: 

Օրանգուտանգներն իրենց հերթին ի վիճակի են արագ կռահել եղբայրակիցների տրամադրությունը եւ հույզերը. եթե նրանցից մեկը ծիծաղում է, մնացած բոլորը հետեւում են նրան: 

Բացի այդ, գիտնականներին հաջողվել է հուզական ինտելեկտ հայտնաբերել նաեւ թռչունների մոտ: Այսպես, ագռավները հաճախ մխիթարում են իրենց եղբայրակիցներին, որոնք կռվից հետո սթրեսի են ենթարկվել: Նրանք նստում են տուժած թռչունի կողքին, թեւերով քսվում են նրան, ասես սփոփելով:  Պարզվել է, որ ճայերը եւս հակված են կարեկցանքի: Այդ թռչնազգիները իսկական  «հուղարկավորություն» են կազմակերպում մեռած եղբայրակիցների համար: Նրանք պտտվում են մեռած մարմնի վրա եւ յուրովի   «լաց են լինում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ