News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեռեւս վերջերս  Թուրքիայի արտաքին քաղաքականությունը   իսկական առասպել էր, իսկ այժմ դրանից միայն ավերակներ են մնացել, գրում է  Foreign Policy-ն:

Մի քանի տարի առաջ Անկարան հետեւողականորեն հարթում էր հարաբերությունները հարեւանների հետ եւ աստիճանաբար առաջանում էր դեպի տարածաշրջանում տիրապետող դիրք: 

Հոդվածի հեղինակ` Մերձավոր Արեւելքի մասնագետ Հենրի Ջեյ Բարքիի տեսանկյունից դա ժողովրդավարացման եւ տնտեսական բարեփոխումների միջոցով մեղմ ուժի կիրառության դասական օրինակ էր` խորաթափանց դիվանագիտության համադրությամբ, որը Անկարային թույլ էր տալիս միջնորդի դեր խաղալ տարածաշրջանային հակամարտություններում: 

«Այժմ այդ քաղաքականությունն ավերակների է վերածվել: Այն դարձել է հատկապես Սիրիայում արաբական գարնան անսպասելի շրջադարձի, մեծամտության եւ արտաքին ու ներքին քաղաքականության մեջ սխալ հաշվարկների զոհը», — արձանագրում է Բարքին: Նա նշում է, որ Անկարան փչացրել է  հարաբերություններն իր բոլոր տարածաշրջանային հարեւանների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Եվրամիության եւ Ռուսաստանի հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: 

Բարքին թվարկում է մի շարք իրադարձություններ, որոնցից հետո Թուրքիան սկսեց հանձնել դիրքերը, եւ նշում դրանց պատճառները: 

Երբ 2010-ին սկսվեց արաբական գարունը եւ տարածաշրջանի մի շարք երկրներում ընդվզումներ առաջացան, թուրքական իշխանությունները որոշեցին, որ Անկարան կարող է դառնալ տարածաշրջանի գլխավոր տերությունը: Թուրքիան   «կկառավարի Մերձավոր Արեւելքում փոփոխությունների քամին», հայտարարում էր Ահմետ Դավութօղլուն, որն այդ պահին ղեկավարում էր երկրի ԱԳՆ-ն, իսկ այժմ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում: 

Սակայն հաղթարշավը երկար չշարունակվեց: Նախ  «նոր աշխարհակարգը», որի հույսն ուներ Դավութօղլուն, հարվածի տակ հայտնվեց Եգիպտոսում իրադարձությունների պատճառով, որտեղ  «Մահմեդական եղբայրներ» կուսակցության ղեկավարած կառավարությունը (նրանց աջակցում էր Թուրքիան) տապալվեց: Նոր իշխանությունների հետ թուրքերը չկարողացան հարաբերություններ ստեղծել: 

«Բայց հենց Սիրիայում, որտեղ Բաշար Ասադի վարչակարգը համառորեն դիմադրում էր Անկարայի աջակցությունը վայելող ընդվզմանը, Թուրքիայի արտաքին քաղաքական հավակնություններին վերջ դրվեց», —գրում է Բարքին: Նրա խոսքով, Սիրիան   «ամեն ինչ փոխեց»:

Փորձագետն ընդգծում է, որ մինչեւ արաբական գարուն, Սիրիայի եւ Թուրքիայի նախագահները գործնական եւ նույնիսկ անձնական մտերիմ հարաբերություններ ունեին: Սակայն 2011-ի զանգվածային ընդվզումներից հետո, որոնք ի վերջո Սիրիայում քաղաքական պատերազմի վերաճեցին, թուրքական առաջնորդը երես թեքեց իր նախկին դաշնակցից եւ ընկերոջից:  

Նա հրապարակայնորեն Ասադին կոչեց բռնապետ, որի իշխանությունը մի քանի ամսից ավելի չի տեւի, եւ նրան տապալելու կոչ արեց:

Սիրիական առաջնորդը, այնուամենայնիվ, այդքան հեշտ չհանձնվեց:  Ասադին Անկարայի նկատմամբ բարեկամաբար տրամադրված,  սուննի կողմնորոշում ունեցող մեկով փոխարինելու ցանկության անհամապատասխանությունը իրականությանը, որտեղ Սիրիայի նախագահը համառորեն պահում էր իշխանությունը, Էրդողանին հանեց հավասարակշռությունից, արձանագրում է Բարքին

Թուրքիայի նախագահը սկսեց  ԱՄՆ-ին քննադատել սիրիական հակամարտությանը միջամտելուց հրաժարման համար: Անկարան սկսեց թույլ տալ, որ արմատական իսլամիստ գրոհայիններն իր սահմանով մտնեն Սիրիայի տարածք, ինչը մեծացրեց ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածությունը: Թուրքիայի կառավարությունը շատ լավ հասկանում էր, որ այդ ջիհադիստներից շատերը կմիանան այնպիսի ծայրահեղական խմբավորումների, ինչպիսին է, օրինակ,  «Ջաբհաթ ան-Նուսրան», բայց շարունակում էր աջակցել նրանց, նշված է հոդվածում:

«Տասնյակ հազարավոր օտարերկրյա գրոհայինների Սիրիա գալու անսպասելի հետեւանքները շուտով ակնհայտ դարձան բոլորի համար: Այդ գրոհայիններից շատերը ձգվում էին դեպի ԻՊ-ը եւ նրան օգնեցին դառնալ այն ուժը, որը նա հանդիսանում է այժմ  », — բացատրում է փորձագետը:

Սիրիայի իրադարձությունները «մահացու հարված» հասցրեցին նաեւ թուրքական իշխանությունների եւ քրդերի միջեւ խաղաղ գործընթացին:  

ՍԱՀ-ում հակամարտության ընթացքում իրենց ազդեցությունը զգալիորեն ընդլայնեցին քրդերը  (Ժողովրդավարական միությունը Սիրիայում), որոնք աջակցում են Քուրդիստանի Բանվորական կուսակցությանը (ՔԲԿ): Բացի այդ, Ժողովրդավարական միությունը նաեւ ԱՄՆ-ի աջակցությունը ստացավ: Իսկ Էրդողանն այդ կուսակցությունը կոչում էր ավելի մեծ աղետ, քան ԻՊ-ը: 

Ի վերջո 2015-ի փետրվարին այն հրաժարվեց Քուրդիստանի Բանվորական կուսակցության հետ ձեռք բերված համաձայնություններից` վախենալով, որ սիրիական քրդերը կկրկնեն Թուրքիայի հետ հարավային սահմանին ինքնավար մարզ ստեղծելու «իրաքյան փորձարկումը»: Ամռանը քրդերի դեմ Անկարայի պատերազմը վերսկսվեց կրկնապատկված ուժով:  

Բարքին ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, թե Էրդողանի ազդեցության նվազեցման գործում ինչ դեր խաղաց Ռուսաստանը: 

«Չնայած քրդերն ականապատել էին Էրդողանի ներքին եւ արտաքին դիրքերը, Թուրքիայի նախագահն ավելի մեծ փակուղում հայտնվեց, երբ Ռուսաստանն Ասադի կողմից միջամտեց սիրիական հակամարտությանը», — գրում է նա:

Նոյեմբերին թուրքերը ռուսաստանյան ինքնաթիռ խոցեցին, եւ դա շատ անզգույշ քայլ էր, որը Մոսկվայի կողմից մի շարք պատասխան գործողությունների հանգեցրեց տնտեսական, քաղաքական եւ ռազմական ոլորտներում:  «Էրդողանը թերագնահատել էր Պուտինին: Ինքնաթիռին հարվածելու որոշումը բխում էր Սիրիայում իր ձախողումներից դժգոհությամբ եւ այն իրողության արձանագրմամբ, թե Ռուսաստանն ու Իրանն ինչպես են հաջողությամբ աջակցում սիրիական արդեն բավականին ուժասպառ  բանակին եւ Սիրիայում Թուրքիայի դաշնակիցների դեմ նրա պայքարին», — համարում է փորձագետը:

Բարքին հետեւյալ եզրակացությանն է հանգում. Թուրքական քաղաքականությունն այլեւս կապ չունի Թուրքիայի հետ, այն կապված է անձամբ Էրդողանի հետ:  Նրա ամենագոյությունը, նրա դիրքորոշումը, որը չի կարելի կասկածի առնել, խոսում են այն մասին, որ արտաքին քաղաքականությունը նրա աշխարհայացքի, նրա քմահաճույքների եւ նախընտրությունների արդյունքն  է: 

Մոտ ժամանակներս նա ստիպված կլինի բախվել երեք լուրջ մարտահրավերի: Խոսքը նախ եւ առաջ Թուրքիան նախագահական հանրապետության վերածելու նրա ձգտման մասին է, երկրորդ` քրդերի հետ հակամարտության, երրորդ` Սիրիայում հակամարտության հնարավոր սրման: Այս հարցերից որեւէ մեկում նա կարող է նույնիսկ հաջողության հասնել, առնվազն` նախագահական հանրապետության ստեղծման, սակայն դա կհանգեցնի ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ Անկարայի եւ իր ավանդական դաշնակիցների հետ մեծ տարակարծությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ