News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով մեղադրյալ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ՀՀ փաստաբանների պալատ պարզաբանում է ներկայացրել` կապված փետրվարի 1-ին Մերի Մարգարյանի հոր` Վաղինակ Մարգարյանի` իր նկատմամաբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ՀՀ Փաստաբանների պալատ ներկայացրած դիմումի հետ։

Ըստ ներկայացված պարզաբանման Ալեքսանդր Սիրունյանը նշում է, որ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում, դատավարության մրցակցության սկզբունքը եւ Մերի Մարգարյանի մահվան քրեական գործով կողմերը կհայտնվեն անհավասար պայմաններում: Պարզաբանման մեջ նա կոչ է անում ՀՀ փաստաբանների պալատին դիմումի քննարկման գործընթացում չցուցաբերել սոսկ ձեւական մոտեցում, քանի որ այն ավելի է լարելու առանց այն էլ լարված իրավիճակը.

«Մինչեւ դատավարական անհրաժեշտություն չլինի, ես իմ բոլոր խոսքերը հիմնավորող որեւէ բացատրություն չեմ տալու ու, առավել եւս, ապացույցներ չեմ ներկայացնելու (որոնք ունեմ, այն էլ շատ)...Դա հասկանում եմ, ըստ Պալատի իրավական ակտերի, մեկնաբանվելու է ի վնաս ինձ: Սակայն, միաժամանակ բացատրություն տալ կամ նյութեր ներկայացնել չեմ էլ կարող, քանի որ ստիպված պետք է անեմ այն, ինչ ցանկանում է պարոն Վ. Մարգարյանը...)»,- գրված է պարզաբանման մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հայրը Վաղինակ Մարգարյանը դիմում է ներկայացրել ՀՀ Փաստաբանների պալատ եւ պահանջում է գործով մեղադրյալ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի դեմ կարգապահական վարույթ հարուցել:

Նշենք, որ հունվարի 29-ին Սիրունյանը միջնորդել է՝ իմանալու համար, թե ով է տուժողի իրավահաջորդը, քանի որ ըստ ԶԼՄ հրապարակումների՝ իրավահաջորդը Մերի Մարգարյանի եղբայրն է, որը բանկերից մեկում պաշտոնատար անձ է եւ այս առումով հասկանալի չէ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ հանրային պաշտպանի ներգրավվումը։

 Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսին էինք գրել, որ տուժողի իրավահաջորդ է Վաղինակ Մարգարյանը։

Բացի դրանից, հրավիրված ասուլիսի ժամանակ Սիրունյանը հայտարարել էր, թե «Եթե մեկը դատվի, Շուշանիկ Բախշյանը չի լինելու», «Հոսպիտալացվեր Մերի Մարգարյանը, մահանալու էր, չհոսպիտալացվեր, մահանալու էր»։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը: Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Շուշանիկ Բախշյանը հունվարի 31-ին գրավի դիմաց ազատ է արձակվել:

Տպել
Ամենաշատ