News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի Մետրոպոլիտենի նախկին աշխատողներ Գագիկ Գալստյանի, Սեւակ Հովհաննիսյանի ու Անդրանիկ Գեւորգյանի 2014թ. փետրվարի 11-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ կազմակերպված ցույցին մասնակցելու պատճառով աշխատանքից զրկվելու գործով Վերաքննիչ դատարանը անհիմն որոշում է կայացրել` աղավաղելով մի շարք փաստական հանգամանքներ: Այս մասին այսօր` փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների փաստաբան Քրիստինե Գեւորգյանը:

«Վերաքննիչը բազմաթիվ որոշումներ է մեջ բերել վճռում, որոնց փաստական հանգամանքները նույնանման չեն իմ վստահորդների ներկայացրած ապացույցների հետ»,-նշեց փաստաբանը:

Քրիստինե Գեւորգյանի խոսքով` Վերաքննիչ դատարանը, մերժելով բողոքը, հիմք է ընդունել այն, որ Մետրոպոլիտենի աշխատակիցները աշխատանքից ազատավել են օրենքի սահմաններում:

«Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ մեր բերած փաստարկներով իմ վստահորդները ընդհանրապես տեղյակ չեն եղել իրենց գործից ազատվելու մասին, տեղյակ են մնացել միայն այն օրը, երբ կանչվել են տնօրենի սենյակ, որեւէ նախազգուշացում, որեւէ կիսանկատողություն չի եղել անգամ»,-ասաց Քրիստինե Գեւորգյանը:

Փաստաբանը հայտնեց, որ Վերաքննիչը, հիմք է ընդունել պատասխանողի ներկայացրած վերաքննիչ բողոքում նշված փաստերը, այն մասին, որ աշխատանքից հեռացված աշխատակիցները պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները:

«Բողոքում նշել են, թե իբր իմ վստահորդները կողմնակի անձանց թույլ են տվել մուտք գործել անթույլատրելի տարածք, որոնց մուտքը արգելված է եղել, ինչպես նաեւ գրառումներ չեն կատարել, որի հետեւանքով կարող էին առաջանալ անդառնալի հետեւանքներ: Սակայն դատարանում կողմը չի կարողացել հիմնավորել, թե երբ են տեսել կողմնակի անձանց եւ նրան անուն ազգանունները չի նշել»,-ասաց պաշտպանը:

Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի նախկին աշխատակից Գագիկ Գալստյան եւս դժգոհեց Վերաքննիչի որոշումից:

«Որոշ կամակատարների ձեռքով ազատվեցինք մեր աշխատանքից, դրա համար որոշ մարդիկ նույնիսկ պարգեւատրվեցին: Իսկ դատական համակարգը թույլ եւ անգրագետ որոշումներ կայացնելով մեր երեքիս ընտանիքին շատ ծանր իրավիճակի մեջ գցեց»,-նշեց Գագիկ Գալստյանը:

Փաստաբան Քրիստինե Գեւորգյանը հայտնեց, որ առաջիկայում պատրաստվում է Վերաքննիչի որոշումը բողոքարկել միջազգային ատյաններում:

Նշենք, որ հայցվոր կողմը անհիմն է համարում դատարանի կողմից աշխատողներին նախկին աշխատանքում վերականգնման մերժումը:

Հիշեցնենք, որ երեք աշխատողներ` Սեւակ Հովհաննիսյանը, Գագիկ Գալստյանը ու Անդրանիկ Գեւորգյանը դիմել են դատարան` աշխատանքից ազատման հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով վճարում կատարելու պահանջով: Որպես նրանց աշխատանքից ազատման հիմք է նշվել ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 6-րդ կետը` աշխատողի նկատմամբ վստահության կորուստը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ