News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նավթի գինն իսկապես շատ չի ազդում բենզինի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսական վառելիքային միության նախագահ Եվգենի Արկուշան:

Ռուսաստանում (որտեղից Հայաստանը հիմնականում ներկրում է նավթամթերքը) բենզինի հարկերի մասնաբաժինը կազմում է 60-65%: «Շատ բան կախված է արդյունահանման ներքին արժեքից, որը կախված չէ նավթի արտաքին գներից»,- պարզաբանեց Արկուշան:

«Իհարկե, նավթի համաշխարհային գները վերջնական արտադրանքի վրա ազդում են netback-ի միջոցով, սակայն վերջնական սպառողի համար այն այդքան էլ զգալի չէ»,- հավելեց փորձագետը (netback-ը նավթամթերքից ստացված հասույթն է՝ նավթի վերամշակման եւ այլ ծախսերը հաշվի առնելով - խմբ.):

Նրա խոսքով, Եվրոպայում բենզինում հարկերի մասնաբաժինը նույնպես այդքան ցածր չէ, իսկ որոշ երկրներում, օրինակ՝ Նորվեգիայում, կարող է նաեւ շատ բարձր լինել: «Բացի այդ, այնտեղ նաեւ գներն են բավական բարձր: Եթե մեզ մոտ բենզինն արժե 40-44 ցենտ՝ 1 լիտրի դիմաց, ապա Եվրոպայում՝ 1 եվրո եւ ավելի»,- հավելեց նա:

ԱՄՆ-ում բենզինի գնի մեջ հարկերի մասնաբաժինը փոքր է. հաշվի առնելով դաշնային եւ նահանգային միջինացված հարկերը՝ այժմյան միջին գնի 24%-ը (ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչակազմի տվյալների համաձայն - խմբ.), բայց միայն պատրաստի բենզինի համար՝ հաշվի չառնելով արդյունահանման հարկերը: Եվրամիությունում տարբեր երկրներում հարկերը տարբեր են: Բուլղարիայում եւ Ռումինիայում (որտեղից մինչեւ 2014 թվականը Հայաստանը ներկրում էր բենզինի զգալի մասը) բենզինի մեկ լիտրն արժե շուրջ 1 եվրո: Ընդ որում, բենզինի ԱԱՀ-ն Բուլղարիայում կազմում է 20%, ակցիզը՝ 36 եվրոցենտ, իսկ Ռումինիայում՝ 24% եւ 46 եվրոցենտ: Այսպիսով, ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Եվրոպայում բենզինի գնի մեջ հարկերի մասնաբաժինը բավական բարձր է:

Նշենք, որ օրերս Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ նավթի համաշխարհային գների անկումը չէր կարող մեծ ազդեցություն ունենալ բենզինի վրա: Հայաստանում վաճառվող բենզինի գնի մեջ նավթի մասնաբաժինը կազմում է ընդամենը 7-8%: Միաժամանակ, Հանձնաժողովի դիտարկման տվյալների համաձայն, 2015 թվականին Հայաստանում բենզինի գինը 13%-ով նվազել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ