News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


NEWS.am-ի այն հրապարակումից հետո, թե Վանաձորի շուկայում ներկած նուռ են վաճառում, պարզվեց, որ նման դեպք է արձանագրվել նաեւ Երեւանում:

Երեւանի բնակիչներից մեկը, դիմելով մեր խմբագրություն, հայտնեց, որ ինքն էլ այսօր՝ փետրվարի 9-ին, Շենգավիթ համայնքի խանութներից մեկից ներկած նուռ է գնել:

«Մեկը կտրեցի, տեսա ձեռքերս կարմրել են, զարմացա: Հետո սկսեցի մաքրել նուռը, տեսնեմ` ամբողջ կարմիր ներկը թափվում է»,- նշեց նա:

NEWS.am-ի լրագրողը եղավ այն խանութում, որտեղից գնվել էին ներկած նռերը:

Խանութի վաճառողը նշեց, որ այս սեզոնին Տրնդեզին ընդառաջ ներկած, գեղեցիկ նռերի պահանջարկը մեծանում է, բայց հավաստիացրեց, որ իրենց խանութում առաջին անգամ են ներկած նուռ վաճառում:

«Մենք չենք ներկում, էսպես ներկած ենք բերում շուկայից: Հիմա շուկայում միայն էսպիսի նռեր են»,- ասաց վաճառողը:

Խանութում գնումներ կատարող քաղաքացիներից մեկը նշեց, որ առաջին անգամ չէ  ներկած նուռ գնում. Ամանորին էլ է գնել: Նրա համոզմամբ` նռերը սննդային ներկանյութով են ներկվում եւ վտանգավոր չեն առողջության համար:

NEWS.am-ը շրջեց թաղամասի մյուս խանութներով` պարզելու արդյոք ամենուր ներկած նուռ են վաճառում: Պարզվեց`ոչ: Ավելին, վաճառողներից մեկը, տեսնելով, ներկած նուռը, արձագանքեց. «Սա ի՞նչ է, սա թույն է»:

Ավելի վաղ Վանաձորի մի բնակիչ NEWS.am-ին տեսագրություն էր տրամադրել, որում երեւում է, որ կարմիր նուռը գունազրկվում է թաց անձեռոցիկով մաքրելուց հետո:

Տպել
Ամենաշատ