News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2016թ. հանրապետության 20-ից ավելի դպրոցներ կվերանորոգվեն` հարմարեցվելով տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաներին: Այս մասին այսօր` փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

«Ոչ միայն դպրոց մտնելն է մատչելի լինելու, այլեւ ամբողջ դպրոցն է հարմարեցված լինելու հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար»,-ասաց նա:

Նարինե Հովհաննիսյանի խոսքով` 2016թ. հայտարարվել է հավասար պայմանների տարի, եւ այս տարի 150 ներառական դպրոցների թիվը կավելանա: Բացի այդ, հանրակրթական դպրոցների ուսուցիչները պարտադիր կերպով վերապատրաստում կանցնեն` հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու նպատակով:

«Հանրապետության բոլոր դպրոցների դռները բաց են հատուկ կարիքներ ունեցող երեխաների առջեւ, ֆինանսավորման մի շարք կարգեր են մշակվում: Այս տարի 7-8 իրավական փաստաթղթեր են մշակվելու կառավարության կողմից, որոնք կօգնեն լուծելու այս բոլոր խնդիրները»,-ասաց Նարինե Հովհաննիսյանը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք»-ի տնօրեն Զարուհի Բաթոյանն էլ նշեց, որ ներառական կրթության ոլորտում ձեռքբերումներ եղել են, սակայն այն բարելավելու համար հարկ կլինի ներգրավվեն գերատեսչություններ, որոնք մինչ օրս կարծում են, որ այս խնդիրն իրենց չի առնչվում:

«Ես կուզեի, որ ձեռքբերումներից բացի այս ծրագրերն իրականացնող գերատեսչությունները նոր որակ բերեն: Հիմա արդեն ամոթ է ասել, որ դպրոցները մատչելի են, դա պարտադիր պայման է»,-նշեց Զարուհի Բաթոյանը: Նրա խոսքով` ներառական կրթությունը պետք է սկսի նախադպրոցական շրջանից հատուկ մասնագետներ պետք է աշխատեն հաշմանդամություն ունեցող երեխաների հետ:

«Մենք կարող ենք» ՀԿ նախագահ Արմինե Սահակյանը մեծ ակնկալիքներ ունի 2016թ. ներառական կրթության ոլորտի զարգացումից, սակայն նրան մտահոգում է հատուկ ուսումնական հաստատությունների պակասը Հայաստանում:

«Ներառական դպրոցներում կարծես թե` ամեն ինչ կարգին է, բայց ահա չգիտենք, թե դպրոցն ավարտելուց հետո, երեխաները որտեղ են շարունակելու կրթությունը, եւ արդյոք ունենալու են աշխատանք, այս խնդրի լուծման ուղղությամբ պետք է աշխատել»,-ասաց Արմինե Սահակյանը` հավելելով, որ մեկ-երկու հաստատությունները բավական չեն, անհրաժեշտ է ոլորտի համակարգային փոփոխություն:

Տպել
Ամենաշատ