News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Ահնիձոր համայնքն ունի 187 բնակիչ, որոնցից 184-ը չափահաս են: Այս մասին այսօր` փետրվարի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ահնիձորի համայնքապետ Վանիկ Քառյանը:

Նրա խոսքով, Ահնիձորում շատ են խնդիրները` խմելու ջրի բացակայություն, ներհամայնքային ճանապարհի անբարեկարգ վիճակ, արտագաղթ: Գյուղապետը նշեց, որ համայնքային 5.5 մլն դրամ բյուջեն չափազանց քիչ է այս խնդիրները լուծելու համար, հատկապես այն դեպքում, երբ գումարի մեծ մասը ծախսվում է գյուղապետարանի աշխատողների աշխատավարձերը վճարելու վրա:

«Մեր համայնքը փոքր է, սեփական եկամուտները 2 մլն դրամ են, դոտացիան` 3.5 մլն դրամ: Էդ գումարով ոչ մի ծառայություն չենք կարող մատուցել բնակչությանը»,- ասաց Վանիկ Քառյանը:

Ըստ համայնքապետի՝ Ահնիձորում լուրջ է նաեւ արտագաղթի խնդիրը. ահնիձորցիները մեկնում են  ոչ միայն սեզոնային արտագնա աշխատանքի, այլեւ ընտանիքներով մշտական բնակություն են հաստատում Ռուսաստանի Դաշնությունում:

Գյուղապետը հույս ունի, որ գոնե համայնքների խոշորացումից հետո հնարավոր կլինի լուծել Ահնիձորի խնդիրները: «Մենք մեր սեփական ուժերով չենք կարող ոչ մի խնդիր լուծել, որովհետեւ միջոց չունենք, իսկ էսպես գոնե հույս ունենք»,- նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 14-ին Լոռու մարզում համայնքապետի ընտրություններ  են: Համայնքների խոշորացման ծրագրով ընտրություններից հետո մարզում կմիավորվեն 7 համայնք` Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր: Կենտրոնը կլինի Թումանյանը:

Տպել
Ամենաշատ