News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Sirius ռոք խումբը շուրջ մեկ տարի Վանաձորում գործելուց հետո սկսել է համերգներով հանդես գալ երեւանյան փաբերում, քանի որ հայրենի քաղաքում զարգացած չէ փաբային կուլտուրան: 

Խմբի անդամները NEWS.am-ի հետ զրույցում ասում են՝ Վանաձորում ռոք համերգ կազմակերպել եւ գումար վաստակելն անհնար է, ստեղծագործելու շնորհիվ ճանաչվելը՝ դյուրին: 

«Վանաձորում ռոք խումբը չի կարող գումար վաստակել: Եթե նույնիսկ երաժիշտը համերգից հետո զրոյով կամ փոքր մինուսով է դուրս գալիս, ապա դա մեծ ձեռքբերում է, որովհետեւ մարդիկ տեսնում են նրա աշխատանքը»,- ասում է Սարգիս Օհանյանը:

Ըստ կիթառահար Աբգար Ալավերդյանի` ռոք խմբի համար դժվարությունները շատ են Վանաձորում` սկսած անհիմն քննադատությունից, վերջացրած անվճարունակ հանդիսատեսով: Սա է պատճառը, որ Վանաձորում ձեւավորված խմբերի մեծ մասը կամ տեղափոխվում են Երեւան, կամ սկսում են վաստակել մայրաքաղաքում պարբերաբար համերգներ տալով:

Չնայած առկա դժվարություններին՝ խմբի անդամները համոզված են՝ ոչինչ չի կարող հետ պահել երաժշտին ստեղծագործելուց, եթե կա նպատակ, ավելիին հասնելու ձգտում:

«Երաժիշտներն, իրականում, շատ ուժեղ մարդիկ են, որովհետեւ Հայաստանում շատ հեշտ է հիասթափվելը, բայց ինչ-որ բան անելը` շատ դժվար»,- ասում է Սարգիս Օհանյանը:

Sirius-ի անդամները ծրագրում են մայրաքաղաքի փաբերում ամիսը մի քանի անգամ համերգներ տալ:

Չսահմանափակելով իրենց երազանքները` խմբի անդամները շարունակում են ստեղծագործել` նպատակ ունենալով  դառնալ ռոք աստղեր եւ նվագել համաշխարհային բեմերում:

Նրանց համար ռոքը բողոք է եւ ազատություն. «Մենք բողոքում ենք ազատության համար, որ մարդկանց մտքերը, երազանքներն ու նպատակները չսահմանափակվեն»,- ասում է Սարգիս Օհանյանը:

Խումբը հիմնադրել են Խաչատուր եւ Մհեր Մխիթարյանները: Հետագայում կազմը համալրել են կիթառահարներ Աբգար Ալավերդյանը եւ Սարգիս Օհանյանը, վոկալիստ Դավիթ Սիմոնյանը, բաս կիթառահար Սերգեյ Ալեքսանյանը, Մհեր Մխիթարյանը ավելի ուշ դուրս է եկել խմբից:

Sirius-ը կատարում է իր հեղինակած երգերը, որոնք հիմնականում անգլալեզու են:

Տպել
Ամենաշատ