News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայ Ոսկերիչների Հիմնադրամը (AJF) հայտարարում է, որ 2016թ.-ին 50 ուսանողների կարժանացնի ուսումնական դրամաշնորհների: Հիմնադրամի դրամաշնորհային ծրագիրը միտում ունի նպաստելու նոր հնարավորությունների զարգացմանը ոսկեգործության եւ ադամանդագործության ոլորտներում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Ուսանողները կստանան հիմնարար գիտելիքներ թանկարժեք քարերի, այդ թվում ադամանդների վերաբերյալ, ինչը կօգնի նրանց հետագա կայացմանը ոսկեգործության եւ ադամանդագործության ոլորտում:

Հայաստանում «Ադամանդի դասակարգում» մասնագիտությամբ ուսանելու համար դիմորդները կարող են հայտ ներկայացնել Հայկական Հեմմոլոգիական Լաբորատորիա եւ Ակադեմիային (AGLA): Մրցույթին կարող են մասնակցել հետեւյալ համայնքների դիմորդները. Արցախ, Հայաստանի մարզեր, Սիրիահայ համայնք եւ Սփյուռք:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմորդները կարող են գրել AJF-ին կամ AGLA-ին ([email protected]):

Կանադայում AJF-ը կիրականացնի իր նոր ծրագիրը ի նպաստ վերջին շրջանի սիրիահայ փախստականների:

Հայաստան եւ այլուր տեղափոխված տասնյակ հազարավոր տարագիր սիրիահայերի թվում զգալի մի մաս հանգրվանել է նաեւ Կանադայում: Ուստիեւ Կանադա գաղթած սիրիահայ համայնքի ներկայացուցիչները, ովքեր ցանկություն ունեն սովորելու Մոնրեալի հեմմոլոգիայի ինստիտուտում (EMG), կարող են մասնակցել Կանադայում անցկացվող դրամաշնորհային մրցույթին: Ավելի մանրամասն տեղեկությունների եւ հայտի ձեւը ստանալու համար դիմորդները կարող են գրել AJF-ի կամ EGM-ին ([email protected]):

2016թ. հունվարի 28-ին, 13 սիրիահայ փախստականներ արդեն իսկ սկսել են իրենց ուսումնառությունը EMG-ում:

Նրանք ընտրվել են AJF-ին դիմած 43 դիմորդների խմբից: Նախորդ շրջանի «Հեմմոլոգիա-I» եւ «Ադամանդի դասակարգման» սիրիահայ շրջանավարտները հունվարի 27-ին հրավիրվել էին EGM ստանալու իրենց ատեստավորման վկայականները: Նրանցից 7-ն ընտրվել են «Հեմմոլոգիա-II» մասնագիտությամբ դասընթացներին մասնակցելու համար: «Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ուսանելու հեղինակավոր այս կանադական հաստատությունում, որը տալիս է բարձր գիտելիքներ եւ փորձ: Վստահ եմ, որ սա մեզ բոլորիս կօգնի ինտեգրվելու եւ բարելավելու մեր զբաղվացության հեռանկարները: Շնորհիվ AJF-ի, վերջերս ինձ նոր աշխատանք առաջարկեցին եւ ես Կանադայում վերստին սկսեցի իմ կարիերան որպես ոսկերիչ»,- ասում է ուսանող Վիգեն Աբկարեանը:

«Մենք անչափ շնորհակալ ենք AJF-ի կրթաթոշակային ֆոնդի հովանավորներին մեր կրթական առաքելությանն ու փախստականների ինտեգրման ջանքերին աջակցելու համար: Հուսով ենք՝ ապագայում կհամագործակցենք նոր աջակիցների հետ եւս եւ կնպաստենք տաղանդավոր հայ երիտասարդների՝ հաջորդ սերնդին, ոլորտում առաջատարը դառնալու գործին», հայտարարեց AJF-ի խորհրդի նախագահ Փիէր Աքքէլյանը: 

«Մինչ այսօր մեր հովանավորների շնորհիվ դրամաշնորհների են արժանացել 45 ուսանողներ Հայաստանից, Արցախից, Սիրիայից, Իրաքից, Վրաստանից եւ Լիբանանից: Մասնավորապես բարձր ենք գնահատում «Birks» ընտանեկան հիմնադրամի, Կանադայի ոսկերիչների միության, «Jewelry Mutual Insurance»-ի, Մոնրեալի հեմմոլոգիայի ինստիտուտի (EMG), Հայկական Հեմմոլոգիական Լաբորատորիա եւ Ակադեմիայի (AGLA), «Invessa Financial & Insurance company»-ի, «Melisende Diamonds» ընկերության, «AJA Ontario»-ի, «AJA Montreal»-ի, ինչպես նաեւ Փիյեռ Հաջարի, Լյուսի Քիլիսլյանի, Ալֆրեդ Պողոսյանի, Աբգար Փափազյանի, Հաբիբ Մալոյի, Լեւոն Յափարի, Վահե Ուրունի, Տիրան Ավետյանի, Հարութ Միսիրյանի եւ Սիլվիա Մինասյանի աջակցությունը», ավելացրեց պարոն Աքքէլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ