News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարզահամերգային համալիրը ծախսատար շինություն է, սակայն ակնհայտ է, որ եթե գտնվի խելացի սեփականատեր, ով կկարողանա լավ բիզնես պլան մշակել, դրա շահագործումը կարող է եկամտաբեր լինել: Այս մասին այսօր` փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը:

Ճարտարապետի համար անհանգստացնող է պետական վերաբերմունքն ու անտարբերությունը Մարզահամերգային համալիրի, առհասարակ, ժողովրդական ունեցվածքի նկատմամբ:

«Երիտասարդական պալատն էլ պակաս շինություն չէր մեր քաղաքի համար, քանդվեց, մոռացվեց: Նույնը կկատարվի նաեւ Մարզահամերգային համալիրի հետ, որովհետեւ եթե ունես միտում ունեցվածքդ պահպանելու, ապա կգտնես եղանակ»,-  նշեց Հրաչիկ Պողոսյանը:

Հրաչիկ Պողոսյանի համոզմամբ, ժողովուրդը պետք է պահանջատեր լինի եւ պահանջի իշխանությունից պահպանել ազգային ժառանգությունը. «Դա ժողովրդինն է, ոչ իշխանավորներինն է, ոչ կառուցողներինը, դա բոլորինն է»,- ասաց ճարտարապետը:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը համոզված է, որ եթե համերգներ, սպորտային միջոցառումներ կազմակերպվեն համալիրում, հնարավոր կլինի պահպանել ոչ միայն համալիրի շինությունն առանց փոփոխությունների, այլեւ եկամուտ ապահովել: Ըստ նրա, այս հարցում իր ներդրումը պետք է ունենա նաեւ պետությունը` համապատասխան դոտացիա հատկացնելով:

«Վերջին սեփականատերն ասել էր, որ պետք է ռեստորաններ, կաբարեներ բացի, եւ լկտիաբար հայտարարեցին, թե դա անում են շենքը պահպանելու համար: Բա պետությո՞ւնը: Ես դեմ չեմ վաճառքին, բայց թող վաճառվի այնպիսի սեփականատիրոջ, ով կկարողանա աշխատեցնել այն` առանց շենքն աղավաղելու»,- նշեց Ֆերդինանտ Առաքելյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը փետրվարի 11-ի իր նիստում չեղյալ է ճանաչել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությանը վաճառելու որոշումը: Պատճառն այն է եղել, որ ընկերությունը նախատեսված ներդրումները չի կատարել:

Տպել
Ամենաշատ