News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի համար մարդու իրավունքների պաշտպանության հարցում առաջնային է անհատական բողոքների քննարկումն ու բարձրացված հարցերին լուծումներ առաջարկելը, ապա նաեւ կանխարգելիչ գործունեությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է ՄԻՊ պաշտոնում առաջադրված ՀՀԿ-ի թեկնածու Արման Թաթոյանը:

Նա կարծիք է հայտնել, որ օմբուդսմները պետք է աշխատի առաջին հերթին անաչառության ու բացարձակ հավասարության սկզբունքների վրա: «Իր գործունեության ընթացքում պաշտպանը պետք է որդեգրի երկխոսության ճանապարհը, որովհետեւ դա այն ինստիտուտն է, որը, վեր լինելով գործադիր, օրենսդիր դատական իշխանություններից, կարող է կապող օղակ հանդիսանալ բոլորի համար»,- ասել է Թաթոյանը՝ հավելելով, որ պաշտպանը պետք է քննադատի, բայց դա չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է լուծումներ առաջարկի:

ՄԻՊ մեկ այլ թեկնածու, ԱԺ պատգամավոր «Զարուհի Փոստանջյանը հարց է ուղղել Թաթոյանին, թե արդյոք նա լինելով ՀՀ քաղաքացի, Իրավաբանների միության անդամ, գեթ մեկ անգամ դատապարտել է ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումները, Մարտի 1-ի իրադարձությունները, բազմաթիվ քաղաքացների նկատմամբ ոտնձգությունները, ՀՀ ՔԿՀ-ներում քաղբանտարկյալների առկայությունը:

Հարցին միջամտել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` նշելով, որ նա օգտվում է պատգամավոր լինելու առիթից եւ մյուս թեկնածուին հարց տալով անհավասար պայմաններ է ստեղծում:

Չնայած Հովհաննես Սահակյանի այս միջմատության, Արման Թաթոյանը պատասխանեց Զարուհի Փոստանջյանին, նշելով. «Իմ հրապարակային դիրքորոշումները բազմաթիվ են. երբ ես Խոշտանգումների կանխարգելման բարեփոխումների փաթեթն էի ներկայացնում, երբ ձերբակալվածների իրավունքների կատարելագործման մեխանիզմներն էի ներկայացնում: Դրանց հիմնավորումներն ամբողջությամբ խոշտանգումներն են, հակառակ դեպքում ինչպե՞ս ենք կարողացել բարեփոխումներ անել: Իմ դիրքորոշումն արտահայտված էր նաեւ Ազգային ժողովի ամբիոնից իմ ելույթներում: Ես մի շարք հոդվածների հեղինակ եմ, որոնք տպագրված են հեղինակավոր ամսագրերում»:

Թաթոյանը հավելել է նաեւ, որ իհարկե, իրեն հետաքրքրում են նշված բոլոր դեպքերը. «Եես վերլուծում եմ այն ինչ կատարվում է մեր երկրում, սակայն ես այսօր այստեղ ՄԻՊ թեկնածու եմ: Որպեսզի գնահատական տամ, ես պետք է կոնկրետ հասկանամ իրավաբանորեն, պրոֆեսիոնալ կերպով` ինչպես պետք է անդրադառնամ այս հարցերին, որ կարողանամ արձագանքել դրանց»:

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստում, այսօր՝ փետրվարի 12-ին, մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը: Թեկնածուները երեքն են՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, Անկախ պատգմավոր Էդմոն Մարուքյանի կողմից առաջադրված Զարուհի Փոստանջյանը եւ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի կողմից առաջադրված Նարեկ Ալոյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ