News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արցախյան հերոսամարտի մասնակից, ազատամարտիկ Արմեն Մկրտչյանի չորսհոգանոց ընտանիքը ամեն ամիս կանգնում է նույն խնդրի առջեւ` կկարողանա վճարել կոմունալ ծախսերը, թե ստիպված կլինի ձմռան գիշերները լուսացնել սառը բնակարանում` առանց լույսի ու գազի:

«Ապրում ենք իմ  32.000 դրամ հաշմանդամության նպաստով: 15.000-ը տան վարձ ենք տալիս, մնացածին էլ մի երկու բան ենք առնում, հատնում է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մկրտչյանը:

Մկրտչյանների ընտանիքն ապրում է Արթիկի ծայրամասային թաղամասերից մեկում` վարձակալած բնակարանում:

Ազատամարտիկի խոսքով, Արթիկում բազմիցս փորձել է աշխատանք գտնել, սակայն եղած աշխատանքները հիմնականում քարհանքերում են. ֆիզիկապես ի վիճակի չէ դրանք անել:

17 տարեկանում Արմեն Մկրտչյանը կամավոր մեկնել է Լեռնային Ղարաբաղ` ազատամարտիկ եղբոր հետ հայրենիքը պաշտպանելու: 1994թ.-ին, թշնամու հետ բախումներից մեկի ժամանակ, մահացած ընկերոջ դիակը մարտի դաշտից հանելիս վիրավորվել է ձեռքից, հենց այդ ժամանակվանից էլ դարձել է հաշմանդամ: 

«Քանի օր էր` խրամատից չէինք կարողանում դուրս գալ, էնքան մնացինք խոնավ խրամատում, երիկամներիցս մեկը շարքից դուրս եկավ, հեռացրին»,- պատմում նա:

Երկու դուստրերի ու կնոջ նվազագույն կարիքները հոգալու համար Արմենը փողոցներից ապակյա շշեր ու տարաներ է հավաքում, տանում հանձնում: Արմեն Մկրտչյանի խոսքով, մի քանի անգամ դիմել է Պաշտպանության նախարարություն` բնակարան հատկացնելու խնդրանքով: Պատասխան է եկել` եթե հաստատվի, որ հաշմանդամության կարգ ունի, կզբաղվեն այդ հարցով: Տարիներն անցել են, սակայն բնակարանն այդպես էլ չի հատկացվել:

Բնակարանի մասին Արմենն արդեն չի երազում, ցանկությունն էլ առավել քան համեստ է` մի տնակ, որտեղ առանց վարձի կկարողանա ապրել իր ընտանիքը:

«Ես փողով հայրենիք պահած չեմ, ես ինչ արել եմ հայրենիքիս համար, կամավոր եմ արել: Հիմա էլ որ, Աստված չանի, պատերազմ լինի, էլի կգնամ»,- ասում է նա:

Տպել
Ամենաշատ