News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վանաձորցի 87-ամյա Վարդգես Դավոյանը մեկն է այն երջանիկներից, որ կարողացել է հաղթահարել անբուժելի հիվանդությունն ու հակառակ կյանքի փորձություններին՝ շարունակել ապրել նույն կենսասիրությամբ:

Դեռեւս 1998թ.-ին բժիշկները նրա մոտ աղիների ուռուցքային հիվանդություն են ախտորոշել: Վարդգես Դավոյանը  պատմում է, որ բժիշկները վիճակն անհուսալի են գնահատել. «Ասացին՝ անհույս է, բայց կուզեք՝ ամեն դեպքում վիրահատեմ»,- ասում է Վարդգես Դավոյանը:

Այս տարիների ընթացքում 6 անգամ վիրահատվել է: Ինչպես ինքն է նշում` անգամ ամենածանր պահերին չի կորցրել հավատը, որ անբուժելի թվացող հիվանդությունն էլ հնարավոր է հաղթահարել. «Ամենակարեւորը՝ որ չվախենաս, քեզ ամուր պահես, հավատաս, որ ամեն ինչ լավ է լինելու»:

Վարդգես Դավոյանը երկարակեցության իր գաղտնիքներն ունի. քայլել շատ է սիրում. Վանաձորի Դիմաց թաղամասից  ոտքով է հասնում քաղաքի կենտրոն՝ «Առողջարար է»,- ասում է:

Նա համոզված է, որ լավ ինքնազգացողության պատճառներից մեկն էլ շատ կարդալն է, նա հիմնականում ռուսերեն է կարդում:

Վարդգես Դավոյանի կինը` 70-ամյա Լուիզա Մանուկյանը, ամեն առավոտ ամուսնուն գիրքը ձեռքին է տեսնում. «Լույսը չբացված՝ ակնոցն աչքերին է , գիրքը՝ ձեռքին»:

Համատեղ 40 տարվա կյանքի ընթացքում նա եղել է ամուսնու ոչ միայն կողակիցը, այլեւ նեղության պահին ձեռք մեկնող առաջին հարազատը: Տիկին Լուիզան հպարտորեն նշում է, որ ամուսնու երկարակեցության գործում կարեւոր ներդրում ունի նաեւ ինքը:

«Առաջին վիրահատությունից հետո  բժիշկներն ասացին, որ շատ բան չի կարելի ուտել՝ յուղոտ միս, կոտլետ, տապակած կարտոֆիլ: Էդպիսի ուտելիքներ, պահածոներ ընդհանրապես չեմ պատրաստում: Փոխարենը աղցաններ եմ շատ պատրաստում նրա համար»,-ասում է կինը:

Վարդգես Դավոյանը հետեւում է ոչ միայն տեղական թերթերի ու հեռուստաընկերությունների լրատվությանը, այլեւ միջազգային նորություններին, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը:

«Վանաձորի թերթերն եմ կարդում, հանրապետական թերթերը: Ռուսական ժուռնալներ եմ կարդում, Եվրոնյուզ, ամեն օր հետեւում եմ: Օրինակ, էս վերջերս ջղայնացել էի, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում էն հարցերը քննարկել էին ջրամբարի մասին, էնքան էլ ճիշտ չէր, էլի, մերոնք էին մեղավոր...»,- ոգեւորված պատմում է Վարդգես պապին:

Վանաձորցիները հաճախ են դիմում Վարդգես Դավոյանին՝ երկարակեցության, ծանր հիվանդությունը հաղթահարելու գաղտնիքներով կիսվելու համար: Ոչ մեկին չի մերժում, բոլորի հետ կիսվում է իր կյանքի պատմությամբ եւ փոխանցում անկոտրում կամքի, վախին հաղթելով անհնարինը հաղթահարելու բանաձեւը:

Տպել
Ամենաշատ