News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Գարգառ համայնքի փոքրաթիվ տնակներից մեկում արդեն 20 տարի է` ապրում է ազատամարտիկ Արթուր Սահակյանի ընտանիքը: Կոմունալ հարմարություններից զուրկ տնակում ապրելն անհնար է դարձել հատկապես վերջին շրջանում, երբ այստեղ բնակություն են հաստատել առնետները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Սահակյանի կինը՝ տիկին Հասմիկը:

«Երեխաներիս վախենում եմ առանձին սենյակում քնեցնել. առնետները կվնասեն: Մի անգամ առնետը կծել էր տղայիս ձեռքը. դրանից հետո շատ է վախենում: Ստիպված նույն սենյակում եւ քնում ենք, եւ ուտում, եւ մնացած գործերն անում»,- ասում է տիկին Հասմիկը:

Օգտագործվող միակ սենյակը տաքացնում են փայտի վառարանով, գազ չունեն, ջուրը հարեւաններից են կրում-բերում:

Ազատամարտիկ ամուսինը քանի տարի է` մեկնում է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի` ամեն անգամ հույս ունենալով գոնե այդ տարի բնակարան գնել եւ դուրս գալ տնակից, բայց ապարդյուն:

«Հաջողությունը մեզ վրա չի գալիս: Հաջողությունը կտրված է մեզնից»,- ասում է տիկին Հասմիկը:

Նրա խոսքով, ամուսինը 1994թ.-ին Արցախյան պատերազմում մի քանի տեղից վիրավորվել է, 2 տարի հաշմանդամության թոշակ է ստացել, սակայն երրորդ անգամ հաշմանդամության կարգը երկարացնել չի հաջողվել:

«5000 դրամ չունեինք, որ կոմիսիային տայինք: Էդպես էլ մնաց, էլ ամուսինս չզբաղվեց էդ հարցով»,- նշում է տիկին Հասմիկը:

Երկու որդի ունեն` 12 եւ 17 տարեկան:  Մեծ տղայի մոտ տարիներ առաջ բժիշկները սուր արթրիտ են ախտորոշել: Բժշկական փաստաթուղթը մայրը խնամքով դեռ պահում է, սակայն հաշմանդամության կարգ հանել դեռեւս չի հաջողվում` միջոցներ չունի, չգիտի` որտեղից սկսի, ում դիմի:

«Ամեն ինչի կարիք ունենք` սննդի, հագուստի, գումարի: Ես ոչ մեկից չեմ կարող պահանջել, ուղղակի խնդրում եմ, որ բնակարանով օգնեն, դուրս գանք էս պայմաններից»,- ասում է ապագա զինվորների մայրն, ու չեն ենթարկվում արցունքները...

Տպել
Ամենաշատ